Մատչելիության հղումներ

Ընտրությունների նախաշեմին Թուրքիան բազմապատկում է բյուջեի ծախսերը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը

«Մինչ եվրոպական երկրներում կառավարությունները կրճատում են ծախսերը բյուջեում ճեղքվածքներ չառաջացնելու համար, Թուրքիան անում է ճիշտ հակառակը», - հաղորդում է Bloomberg գործակալությունը եւ մանրամասնում. - «Վարչապետ Ռեջեփ Էրդողանը բազմապատկում է ծախսերը` հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստանալու եւ ընդդիմադիրների հետ հնարավոր կոալիցիայից խուսափելու համար»:

«Արժույթի միջազգային հիմնադրամը առաջարկում է Թուրքիային կրճատել ծախսերը առաջիկա ընտրություններից առաջ, սակայն կառավարությունը անցած շաբաթ որոշեց հետաձգել այդ առաջարկի իրագործումը», - հաղորդում է Bloomberg-ը ու նկատում. - «Այդ քայլով Էրդողանը հնարավորություն է ստանում կրկնել նախորդ` 2007 թվականի ընտրություններում կիրառված սցենարը, երբ քվեարկությունից առաջ կառավարությունը միլիարդներ ծախսեց կամուրջների, ճանապարհների, ոռոգման համակարգի շինարարության վրա եւ կարողացավ գրավել ոչ միայն ներդրողների, այլեւ ընտրողների վստահությունը»:

Առայժմ, սակայն, շուկան բացասաբար է արձագանքում Էրդողանի կառավարության շռայլ ծրագրերին։ Bloomberg-ի տվյալներով, վերջին որոշումից հետո թուրքական արժեթղթերը եւ ազգային արժույթը` լիրան, շուկայում անկում են ապրել:

«Այս քայլը կարող է իր հետքը թողնել Թուրքիայի հանդեպ վստահության վրա», - պնդել են հեղինակավոր Fitch վարկանիշային կազմակերպության փորձագետները:

Կառավարության որոշումը խստորեն դատապարտել են նաեւ ընդդիմադիրները՝ պնդելով, թե իշխանությունը կաշառում է ընտրողներին քվեարկությունից առաջ:

«Ինչպես եւ նախկինում՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը գործի է դնում ընտրակաշառքն ու սպառնալիքը», - CNNturk-ի եթերում հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայացուցիչն ու մանրամասնել. - «ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են գյուղերում հերթեր գոյանում կառավարության կողմից անվճար բաժանվող ածուխի համար»:

Bloomberg գործակալությունը հիշեցնում է, որ անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նույնպես իշխող կուսակցության ներկայացուցիչները լվացքի մեքենաներ, վառարաններ ու սառնարաններ են բաժանել գյուղերում, թեեւ բնակիչներից մի քանիսը զրկված են եղել էլեկտրականությունից ու ջրից եւ, փաստորեն, նույնիսկ չեն կարողացել օգտվել անվճար տրված այդ սարքավորումներից:

«Այդ եւ այլ ծախսերի պատճառով անցած տարվա առաջին եռամսյակում Թուրքիայում բյուջեի պակասորդը գրեթե կրկնակի անգամ գերազանցեց այն ցուցանիշը, որը կառավարությունը նախանշել էր ողջ տարվա համար», - փաստում է Bloomberg-ը` հավելելով. - «չնայած այդ ամենին` Էրդողանին մինչ օրս հաջողվում է Թուրքիայի արտաքին պարտքի համամասնությունը պահել Եվրամիության առաջադրած պահանջների սահմաններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG