Մատչելիության հղումներ

Վեհափառը չի մասնակցում Կիրիլ պատրիարքի եւ Փաշազադեի հանդիպմանը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը չի մասնակցում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի երեքշաբթի օրվա հանդիպմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Հանդիպման ընթացքում, ըստ ադրբեջանական գործակալությունների, Կովկասի մահմեդականների առաջնորդը մտադիր է խնդրել Համայն Ռուսիո պատրիարքին` միջնորդել, որպեսզի հայկական կողմը վերադարձնի Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին զոհված ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովի դին: Ավելի վաղ` մահմեդականների Ռամազան ամսվա մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարելով այս մասին, Փաշազադեն ասել էր, թե Մոսկվայում կայանալու է եռակողմ հանդիպում, որին մասնակցելու է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Ես ամբողջությամբ հերքում եմ դա: Վեհափառ հայրապետն էջմիածնում է, նման եռակողմ հանդիպման մասին որեւէ պայմանավորվածություն չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ հունիսի 18-ին տեղի ունեցած մարտի հետեւանքով հայկական կողմից 4 զինվոր զոհվել, եւս 4-ը վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր` թողնելով Մուբարիզ Իբրահիմովի դին, որին իր երկրում հետմահու հերոսի կոչում է շնորհվել:

Հայկական կողմը բազմիցս է ընդգծել, որ Ադրբեջանը պաշտոնապես չի դիմել Իբրահիմովի դին ստանալու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG