Մատչելիության հղումներ

Սննդային թունավորման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ


Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի «Գեղամա» ռեստորանում շուրջ 40 մարդու թունավորման դեպքի առիթով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարուցվել է քրեական գործ` սանիտարահամաճարակային կանոնների խախտման համար պատասխանատվություն սահմանող Քրեական օրենսգրքի 277 հոդվածի հատկանիշներով:

Ըստ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության անցկացրած հետազոտության, սննդային թունավորման պատճառը «Գեղամա» ռեստորանի աշխատակազմի ոչ պատշաճ աշխատանքն է:

«Հավի սալաթի մեջ հայտնաբերվել է ստաֆիլոկոկ եւ էնտերոպատոգեն աղիքային ցուպիկ, ինչը խոսում է այն մասին, որ սննդային թունավորման պատճառ կարող էր հանդիսանալ տեխնոլոգիական ռեժիմների խախտումը: Այսինքն` լվացվան ռեժիմների խախտումը, դեզինֆեկցիայի ռեժիմների խախտումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը, սակայն, համաձայն չէ, որ վարակի տարածման պատճառը հում կամ չլվացված սննդամթերքն է:

«Հում մսի, բանջարեղենի, բոլոր տեսակի սննդամթերքի մեջ ստաֆիլոկոկ չի լինում: Ստաֆիլոկոկ լինում է կենդանի օրգանիզմում` կամ մարդու օրգանիզմում, կամ կենդանու օրգանիզմում: Տվյալ դեպքում մարդկային գործոնն է հանդիսացել ստաֆիլոկոկի տարածման աղբյուրը, եւ մարդուց անցել է ե'ւ սննդամթերքով, ե'ւ սպասքով… Առաջին հերթին այս թունավորման դեպքում պետք է հայտնաբերել ստաֆիլոկոկ պարունակող մարդուն եւ նրան հեռացնել այդ ընդհանուր միջավայրից, որպեսզի չշարունակի վարակ տարածել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաղյանը` հավելելով, որ այդ անձին հայտնաբերելը Առողջապահության նախարարության խնդիրն է:

Մարգարիտա Բաբայանի փոխանցմամբ, Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը «Գեղամա» ռեստորանում խախտում է արձանագրել նաեւ աշխատակիցների բուժզննման ժամկետների հետ կապված:

«Ոչ բոլորն էին ենթարկվել պարբերական բուժզննությունների, խախտվել էր պարբերականությունը, բայց հիմա արդեն ընթացքի մեջ է», - հավելեց նա:

«Գեղամա» ռեստորանը, մինչդեռ, շարունակում է աշխատել: Բաբայանը փոխանցեց, որ դադարեցվել է «Գեղամա» ռեստորանի երկու խոհանոցներից միայն մեկի աշխատանքը: Խոհանոցը կբացվի միայն բոլոր խախտումենրը վերացնելուց հետո:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG