Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը Հայաստանին չի ընկալում որպես վստահելի գործընկեր»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեսակայման ժամկետը նախօրոք երկարաձգելը վկայում է սոսկ, որ Ռուսաստանը «ի դեմս Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի եւ նրա կոռումպացված ռեժիմի չի տեսնում հուսալի,երկարաժամկետ եւ վստահելի գործընկերոջ, եւ փորձում է վստահության պակասը լրացնել չափազանցված իրավական երաշխիքների ապահովմամբ»:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Կոնգրեսի կարծիքով, Ռուսաստանը չի բացառում Հայաստանում արտահերթ ընտրությունները, ուստիեւ ապահովագրում է իրեն երկարաժամկետ պայմանագիր կնքելով, Զուրաբյանը պատասխանեց. - «Ես կարծում, որ դուք շատ ճիշտ եք կռահել իմ ասածի իմաստը»:

Չնայած որ Կոնգրեսը «տարակուսելի» է համարում այն հանգամանքը, որ ռուսական ռազմակայանի գործողության ժամկետները վերանայվել են սպառման ժամկետից 10 տարի շուտ` ամեն դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը կարծում է, որ «պատերազմական գործողությունների վերսկսմամբ հղի այս իրավիճակում 1990-ականներին ստեղծված հայ-ռուսական համատեղ (ե'ւ երկկողմանի, ե'ւ կոլեկտիվ) անվտանգության համակարգի ամրապնդումը եւ անվտանգության երաշխիքների ընդլայնումը կարեւոր նշանակություն ունեն, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Արեւմուտքը Ղարաբաղյան խնդրի կարգավորումը չի համարում իր առաջնայնությունների ցանկում, եւ պատրաստ չէ ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ տրամադրելու եւ հնարավոր ռազմական հակամարտությունը կանխելու հարցում»:

Սակայն Հայ Ազգային կոնգրեսի համակարգողի համոզմամբ, անվտանգության երաշխիքների ընդլյամանն ուղղված Հայաստանի ջանքերը անբավարար են եւ դրանք ընդամենը կարող են ապահովել ռազմական հակամարտության լոկալիզիացիան. - «Որքան էլ լոկալ բնույթի կրի այդ պատերազմը, միեւնույն է¸ այն ավերիչ է լինելու ինչպես Լեռնային Ղարաբաղի¸ այնպես էլ Հայաստանի համար»:

Անդրադառնալով Ադրբեջանին ռուսաստանյան С-300 զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին տեղեկատվությանը` Զուրաբյանը նշեց, որ դրանց հնարավոր տրամադրումը Ադրբեջանին «արձանագրում է նոր աշխարհաքաղաքական իրողությունների հաստատումը տարածաշրջանում»:

«С-300 հակաօդային համակարգերի ձեռքբերումը կսահմանափակի Ադրբեջանի լայնածավալ հարձակումը զսպելու` հայկական զինված ուժերի կարողությունը: Սպառազինությունների, մասնավորապես հրթիռային մարտկոցների, ինտենսիվ գնումը եւ ռազմական պատրաստությունները, այդ ջանքերի դիվանագիտական ապահովումը Ադրբեջանի կողմից մեծացնում է Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձի հավանականությունը», - հավելեց Լեւոն Զուրաբյանը:

Նրա համոզմամբ, տարածաշրջանում լարվածության աճը հետեւանք է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական բալանսի փոփոխության` ի օգուտ Ադրբեջանի, ինչը թուլացրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգը»: Դրա ողջ պատասխանատվությունը¸ ըստ նրա, կրում է «քոչարյանսերժական ռեժիմը, որը տարիներ շարունակ ոչինչ չի արել Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը հզորացնելու եւ շենացնելու ուղղությամբ». - «Հակառակը` վարել է ղարաբաղյան խնդիրը չկարգավորելու քաղաքականություն, հանգեցրել աղետալի արտագաղթի, կեղծված ընտրություններով, մարտիմեկյան սպանդով եւ քաղբանտարկյալներին բանտերում պահելով խաթարել է Հայաստանի միջազգային վարկը, բացառապես սեփական իշխանությունը ամրապնդելու նպատակով ընգրկվել կասկածելի քաղաքական գործընթացների մեջ, որի ամենավառ օրինակն է Հայաստանի դիրքերին խոշոր հարված հասցրած, այսպես կոչված, նախաձեռնողական ֆուտբոլային դիվանագիտությունը»:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Հայ Ազգային կոնգրեսը քաղաքական ուժերին` այդ թվում նաեւ իշխանություններին, կոչ է անում «ճշգրտորեն գիտակցել իրավիճակի լրջությունը¸տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների կայացումը եւ վճռական քայլեր կատարել ներքին քաղաքական առճակատման հաղթահարմանը խոչնդոտող խնդիրների լուծման ուղղությամբ, որոնցից ամենահրատապը քաղբանտարկյալների ազատումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG