Մատչելիության հղումներ

Հայաստանում ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս


Հայաստանում ֆրանսիական համալսարանը

Հայաստանում ֆրանսիական համալսարանը

Հայաստանում ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս` աշխատակազմի մեկ երրորդը:

«Առնվազն հիմնավորված չեն համալսարանում զանգվածային ազատումները: Ռեկտորի գործողություններով խախտվում է Սահմանադրությունը, քաղաքացիական եւ աշխատանքային օրենսդրությունը», - այս բովանդակությամբ նամակ են հղել բուհի դասախոսները Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:

Իրավաբանական ֆակուլտետի դասախոս Մարատ Ատովմյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ ռեկտորի որոշումը հիմնազուրկ է: «Չորս ծանուցում եմ ստացել համալսարանից, որից երկուսը ոչ կնքված, ոչ էլ ստորագրված էր: Ես իմացա, որ 2010 թվականի հուլիսի 1-ին պայմանագրի ժամկետը ավարտվել է, եւ այդ հիմքով ազատվել եմ աշխատանքից: Բայց ես նման պայմանագիր չեմ ունեցել, որը պետք է 2010 թվականի հուլիսի 1-ին ավարտվեր: Ինձ հետ կնքված պայմանագիրը ավարտվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին, դրանից հետո ես շարունակել եմ դասավանդել, իսկ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` դա արդեն համարվում է անժամկետ աշխատանքային պայմանագիր», - նշեց Ատովմյանը` եզրակացնելով. - «Այսինքն` ժամկետային հիմքով չեն կարող պայմանագիրը լուծել»:

Անգլերենի դասախոս Գայանե Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Գործիս գիտակն ու նվիրյալ եմ եղել, մեծ ցավ եմ ապրում, որ տարիների այս տքնաջան աշխատանքը հօդս ցնդեց մեկ գրչի հարվածով»:

Ֆրանսերենի ամբիոնի դասախոս Լիլիա Դիլանյանը, իր հերթին, շեշտեց. - «Ինձ ազատում են, որ ես ունենամ գործազուրկի համբա՞վ, հետո էլ ուսանողները մտածեն, թե միգուցե ինչ-որ մի վատ բա՞ն է արել այդ դասախոսը, որ պայմանագիրը չեն երկարացրել»:

Դասախոսները դիմել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրանք պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում եւ համալսարանի ռեկտորից բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի համար:

Ֆրանսիական համալսարանում «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե պարզաբանումներ կարող է ներկայացնել միայն ռեկտորը` Ժոել լը Մորզելեկը, ով հիմա Հայաստանում չէ:

Ուսանողները սոցիալական ցանցերում իրենց բողոքն արտահայտելուն զուգահեռ նախատեսում են, ինչպես իրենք ասացին, «բոյկոտի նման ինչ-որ բան անել սեպտեմբերի 1-ի կապակցությամբ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG