Մատչելիության հղումներ

«Գլենդել Հիլզ»-ը հայտնում է «Մուշ-2»ում ապօրինի շինարարության դեպքերի մասին


Գյումրիի «Մուշ-2» թաղամասում շահագործման հանձնված բնակարանների երաշխիքային սպասարկման շրջանակներում «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչներն արձանագրել են ապօրինի շինարարության, նախագծային փոփոխությունների մի շարք դեպքեր:

Մասնավորապես, ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, արձանագրվել են դռների տեղափոխման, նկուղ փորելու փորձեր, որոշ դեպքերում հատակն «ուսումնասիրելու» նպատակով այն քանդվել է, մուտքերից շատերում աստիճանավանդակների տակ խորդանոցներ են կառուցվում եւ այլն: Այդպիսի դեպքերից մի քանիսը կանխվել են:

«Գլենդել Հիլզ»-ի մասնագետներն ընդգծում են, որ այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն տուգանքի ենթակա են, այլեւ վնասում են այլ շահառուներին պատկանող սեփականությունը եւ վտանգում շենքերի սեյսմակայունությունը, եւ բնակիչներին հորդորում են զերծ մնալ ինքնագործունեությունից եւ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում խորհրդակցել պատկան մարմինների հետ:

«Ընկերությունը երաշխիքային սպասարկման շրջանակներում վերացնում է շինարարական թերությունները, որոնք կարող էին չնկատվել ստուգումների ընթացքում, սակայն չի փոխհատուցելու նախագծային փոփոխությունների, ինքնագործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների վերականգնման ծախսերը, ինչպես նաեւ միջոցներ չի հատկացնում լամպերի, դռան զանգի մարտկոցի, դռան դիտանցքի եւ նման այլ բաների համար», - ասված է «Գլենդել Հիլզ»-ի հաղորդագրությունում:

Գյումրիի «Մուշ-2» թաղամասի նորակառույցների բնակիչներից շատերը պարբերաբար ահազանգում են, որ շենքերը սեյսմակայուն չեն, շինարարությունը «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից կատարվել է սահմանված նորմերի կոպիտ խախտմամբ: Մասնավորապես, օրեր առաջ բնակարաններից մեկում գրեթե ամբողջությամբ փլուզվել էր առաստաղի գաջե հաստ ծեփաշերտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG