Մատչելիության հղումներ

logo-print

«Բուշեհրի ատոմակայանը Իրան - Հայաստան էներգետիկ համագործակցության վրա չի ազդի»


Իրան - Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Ակբար Սալեհին եւ «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն Բուշեհրի ռեակտորի լիցքավորման արարողությանը, 21-ը օգոստոսի, 2010թ.

Իրան - Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Ակբար Սալեհին եւ «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն Բուշեհրի ռեակտորի լիցքավորման արարողությանը, 21-ը օգոստոսի, 2010թ.

Բուշեհրի ատոմակայանի գործարկումը Իրան - Հայաստան էներգետիկ համագործակցության վրա որեւէ բացասական ազդեցություն չի ունենա: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

Մասնավորապես, փորձագետի խոսքերով, գազի եւ էլեկտրաէներգիայի մասով արդեն իսկ կնքված պայմանագրերում ծավալների փոփոխություններ չեն լինի: «Ես կարծում եմ, որ Բուշեհրի ատոմակայանի թողարկումը այդ առումով որեւիցե էական բան չի փոխի», - ասաց նա:

Օգոստոսի 21-ին Իրանը սկսեց լիցքավորել Բուշեհրում Ռուսաստանի օժանդակությամբ կառուցված իր առաջին միջուկային ռեակտորը: Պաշտոնական Թեհրանի տարածած հաղորդագրության համաձայն` ռեակտորի լիցքավորման գործընթացին մասնակցել են նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները։ Փորձագետների գնահատմամբ` արդեն մեկ ամսից Բուշերի ատոմակայանը կարող է սկսել էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Արա Մարջանյանը շատ կարեւոր համարեց Բուշեհրի ատոմակայանի գործարկումը` այն դիտելով տարածաշրջանում իրականացվող միջուկային ծրագրերի ընդհանուր համատեքստում:

«Սա շատ կարեւոր տարածաշրջանային ծրագրի ավարտ է: Բուշեհրը, գիտեք, երկար պատմություն ուներ շինարարության, վերջապես, կարծես թե, հանգուցալուծվեց: Սա վկայում է, որ ատոմային էներգետիկան տարածաշրջանում զարգանում է եւ զարգացման լուրջ միտումներ ունի», - ընդգծեց փորձագետը` հավելելով. - «Շատ ուրախալի է, որ, փաստորեն, համընկավ` ստորագրվեց հայ - ռուսական պայմանագիրը ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ: Դա նշանակում է, որ ատոմային էներգետիկան տարածաշրջանային առումով, տարածաշրջանային` ես ի նկատի ունեմ Հարավային Կովկասի առումով, բավական լուրջ հեռանկարներ ունի, եւ այդ տեսակետից շատ ողջունելի եմ համարում»:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հայ - իրանական համագործակցություն հենց միջուկային, մասնավորապես` Բուշեհրի ատոմակայանի գործունեության ոլորտում` հաշվի առնելով Հայաստանի կուտակած փորձը, Արա Մարջանյանը արձագանքեց. - «Ո'չ անմիջական եւ ո'չ կարճաժամկետ հեռանկարում, երկարաժամկետ` միգուցե հայկական կողմը այստեղ բան ունենա առաջարկելու կադրերի պատրաստման ուղղությամբ` ես գիտեմ, որ մեր Ատոմային էներգետիկայի ինստիտուտում բավական լուրջ սիմուլյացիոն մոդելավորումային հնարավորություններ ունեն, կադրերը բավական պատրաստված են, այդ առումով միգուցե, թրեյնինգի առումով որոշակի հեռանկարներ կարող են ունենալ»:

«Եվ արդեն երկարաժամկետ հեռանկարում, որի մասին, ըստ երեւույթին, նույնիսկ վաղաժամ է լուրջ խոսել, դա կվերաբերի, եթե Հայաստանը ի վիճակի լինի ատոմային վառելիք արտադրել` միգուցե այդ ուղղությամբ: Բայց կրկնում եմ, դա` մշուշոտ հեռանկարում», - հավելեց փորձագետը:

Համագործակցության ծավալմանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ շիկացած քաղաքական կրքերի խոչընդոտելու հնարավորության վերաբերյալ Արա Մարջանյանը ասաց. - «Որոշակի նյարդայնություն միգուցե առաջանա, բայց այստեղ միակ դեղամիջոցը հետեւյալն է` նյարդայնության գիրկը պետք չէ ընկնել, պետք է հստակ հասկանալ` որն է այդ նյարդայնության հիմքում ընկած, իսկ նյարդայնության հիմքում ընկած է Իրան - Իսրայել հակամարտությունը, եւ մնացած բոլոր բաները այստեղ ածանցյալ են: Մենք պետք է հանգիստ վերաբերվենք այդպիսի արտահայտումներին, միեւնույն ժամանակ հստակ տեսնենք տարածաշրջանային առումով ատոմային էներգետիկայի հեռանկարները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG