Մատչելիության հղումներ

Թուրք դիվանագետները բանակցություններ են սկսում Վաշինգտոնում


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները` փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորությամբ, երկուշաբթի օրվանից Վաշինգտոնում սկսում են բանակցությունները Միացյալ Նահանգների ղեկավարության հետ։

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, այցի նպատակն է հարթել երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնությունները եւ վստահեցնել Սպիտակ տան վարչակազմին եւ Կոնգրեսին, որ Թուրքիան չի փոխել իր արտաքին քաղաքականության ուղղությունը եւ շարունակում է մնալ Միացյալ Նահանգների դաշնակիցը։

Թուրքական լրատվամիջոցները փաստում են, որ չնայած պաշտոնյաների հավաստիացումներին, երկու երկրների հարաբերություններում լարվածությունը չի մարում։ «Առաջին անգամ թուրք - ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամերիկացի սենատորը արգելափակում է Միացյալ Նահանգների նախագահի առաջարկած դեսպանի նշանակումը Թուրքիայում, ինչը պարզորոշ ի ցույց է դնում թուրք - ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը», - նախօրեին գրել էր Hurriyet-ը։

Սենատոր Սեմ Բրաունբեքը օգոստոսի սկզբին առկախեց վարչակազմի ներկայացրած թեկնածուի` Ֆրենսիս Ռիչարդոնեի նշանակումը, պնդելով, թե նա լավագույն դիվանագետը չէ` Թուրքիայում Միացյալ Նահանգների շահերը ներկայացնելու համար։ «Կոչ եմ անում վերանայել նրա թեկնածությունը», - անցած շաբաթ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գրել էր հանրապետական սենատորը եւ մի շարք փաստարկների ու առարկությունների շարքում նշել. - «Կարծում եմ` մենք լիովին չենք գնահատել Թուրքիայի հեռացումը Իսրայելից եւ անցումը դեպի Իրան»։

Փորձագետները չեն բացառում, որ սենատորի այս որոշման ետեւում կանգնած են հենց իսրայելական ուժերը: «Այժմ Թուրքիայի համար եկել է վարձահատույց լինելու ժամանակը», - Hurriyet-ին ասել է լավատեղյակ դիվանագիտական աղբյուրներից մեկը` հիշեցնելով Իսրայելի իշխանությունների հետ Էրդողանի կառավարության լարված հարաբերությունները։ Ընդ որում, վերլուծաբանների համոզմամբ, դեսպանի նշանակման շուրջ տարաձայնությունները կարող են դեռեւս երկար շարունակվել, հատկապես եթե հանրապետականներին հաջողվի հաղթանակ տանել նոյեմբերին Միացյալ Նահանգների Սենատի 36 տեղերի համար նշանակված ընտրություններում։

«Հանրապետականները հայտնի են Թուրքիայի ներկայիս կառավարության հանդեպ ոչ բարեկամական կեցվածքով եւ առավելապես իսրայելամետ դիրքորոշումներով», - թուրքական Zaman-ին ասել է Թուրքիայի համալսարաններից մեկի պրոֆեսոր Հասան Քյոնին։

Չնայած հանրապետականների առարկություններին` պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է պաշտպանել Ռիչարդոնեի թեկնածությունը. այդ մասին անցած շաբաթավերջին հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին։

«Մենք կարծում ենք, որ Ռիչարդոնեն լավ պատրաստված դիվանագետ է` այդ պաշտոնում ծառայելու համար, եւ մենք մեր ուժերից եկած ամեն ինչ կանենք, որպեսզի մոտ ապագայում Սենատը հաստատի նրա թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ-ի վարչակազմի այս հավաստիացումներին, սակայն, Թուրքիայում միանշանակ չեն վերաբերվում: «Հնարավոր է, որ Սպիտակ տունը օգտագործում է Սենատի հնարավորությունները` Թուրքիայի հանդեպ իր ճնշումները խստացնելու համար», - Zaman-ին ասել է Թուրքիայի նախկին փոխարտգործնախարար Ուղյուր Զիյալը եւ մանրամասնել. - «Սպիտակ տան նպատակն է Թուրքիային իր կողմը քաշել` որքան հնարավոր է ցածր գին վճարելով դրա դիմաց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG