Մատչելիության հղումներ

Արագ արձագանքման արդյունավետ համակարգի ձեւավորման խնդիրը՝ ՀԱՊԿ-ի օրակարգում


Երեւանում ուրբաթ օրը մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում քննարկվել է ՀԱՊԿ-ի ներսում ավելի արդյունավետ եւ լայն լիազորություններով օժտված ինստիտուտներ ձեւավորելու հարցը։

«Ղրղըզստանում տեղի ունեցած իրադարձությունների դասերը մեզ դրդում են մտածել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները ավելի արդյունավետ դարձնելու մասին», - Գաֆեսջյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում շուրջ 2,5 ժամ տեւած դռնփակ քննարկումներից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀԱԿՊ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ուղեկցությամբ ներկայացնելով գագաթնաժողովի առաջին հանդիպման արդյունքները՝ Դմիտրի Մեդվեդեւը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, մինչեւ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի խորհրդի պաշտոնական հանդիպումը, կազմակերպության կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ պատրաստելու մասին։

«Մենք պայմանավորվեցինք, որ մեր գործունության համար հիմք հանդիսացող ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերի փոփոխությունների վերաբերյալ պետք է առաջարկություններ պատրաստվեն, որպեսզի ՀԱՊԿ-ում հայտնվեն ավելի արդյունավետ ինստիտուտներ, հնարավոր է` ընդլայնված իրավասություններով», - նշեց Ռուսաստանի նախագահը։

ՀԱՊԿ–ի շրջանակում` ճգնաժամերի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ձեւավորման վերաբերյալ Հայաստանը ներկայացրել է իր պատկերացումները: Նույն ասուլիսի ժամանակ այս մասին լրագրողներին տեղեկացրեց նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօր ծանոթացանք այն առաջնային առաջարկություններին, որոնք նախկինում կայացած քննարկումների արդյունքում մշակել էր ՀԱՊԿ–ի քարտուղարությունը։ Այս կապակցությամբ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ձեւավորված իրավիճակը, ես ներկայացրել եմ նաեւ մեր պատկերացումները` այս ուղղությամբ հետագա կոլեկտիվ քայլերի վերաբերյալ», – պարզաբանեց Հայաստանի նախագահը, – «Մենք նախանշեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հետագա խորացման որոշակի քայլեր: Համոզված եմ, որ այդ ծրագրերի լիարժեք իրագործումը թույլ կտա մեր կազմակերպությունը հասցնել որակապես նոր` ավելի բարձր մակարդակի»:

Իր հերթին՝ Դմիտրի Մեդվեդեւը հավելեց. – «ՀԱՊԿ–ի առկայության պայմաններում մի շարք բացասական միտումներ զսպվում են: Ներկաներից յուրաքանչյուրը կարող է սա կիրառել սառեցված այս կամ այն հակամարտությունների կամ խնդիրների առումով, որոնք առկա են ՀԱՊԿ պատասխանատվության ներքո գտնվող շրջանում: Իսկ այդպիսի հակամարտությունները շատ են»:

ՀԱՊԿ–ի արդյունավետության բարձրացման քննարկումներից բացի, գագաթնաժողովի մասնակիցները հատուկ անդրադարձան Ղրղըզստանում ստեղծված իրավիճակին:

Այս տարվա հունիսին այդ երկրի հարավային շրջաններում ղրղըզների ու ուզբեկների միջեւ տեղի ունեցած ազգամիջյան ընդհարումների հետեւաքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին։

«Այստեղ շատ խնդիրներ կան: Բայց մենք պատրաստ ենք համատեղ գործել: Մենք մեր լուման կներդնենք Ղրղըզստանում իրադրության նորմալացման գործում», – հայտարարեց Ռուսաստանի նախագահը:

Ասուլիսից հետո ՀԱՊԿ-ի անդամ-երկրների ղեկավարները մեկնեցին Սեւան, որտեղ «Հարսնաքար» համալիրում երկկողմ հանդիպումներ կունենան եւ կշարունակեն աշխատանքային քննարկումները։

Օգոստոսի 20-22-ը Երեւանում եւ Սեւանում անցկացվող ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են Ղրղըզստանում իրավիճակի կայունացմանն աջակցելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից ձեռնարկվող եւ նախատեսվող միջոցառումները, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման արդյունավետ համակարգի ձեւավորման եւ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի պաշտոնական հանդիպման կազմակերպչական հարցերը:

Հավաքական անվտանգության պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում կնքել են Հայաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ 1993-ին պայմանագրին միացել են Ադրբեջանը, Վրաստանը եւ Բելառուսը։ 1999-ին Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկսստանը հրաժարվել են շարունակել մասնակցությունը պայմանագրին։ 2002 թվականին պայմանագիրը վերաճել է կազմակերպության` իր կանոնակարգով եւ իրավական կարգավիճակի համաձայնագրով։ 2006 թվականին Ուզբեկստանը նորից է միացել կառույցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG