Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանը դատարանում բողոքարկում է քննիչի կայացրած որոշումը


Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյան
Ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյան

2009-ին մի քանի ամիս ազատազրկման մեջ գտնված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատարանում բողոքարկում է քննիչի կայացրած որոշումը` համաձայն որի «ոստիկանների պատճառած վնասը համարվել է իրավաչափ»:

«Բողոքն ուղղված է կենտրոնի քննիչ Հրաչիկ Սարգսյանի որոշման դեմ` ըստ որի Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, սակայն նա նշել է նաեւ, որ ոստիկանների պատճառած վնասը համարվել է իրավաչափ», - ասաց Տիգրան Առաքելյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը` պնդելով, որ քաղաքացու նկատմամբ կիրառված ուժը չի կարող համարվել իրավաչափ:

Օգոստոսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պիտի քններ Տիգրան Առաքելյանի ներկայացրած բողոքը: Նիստը, սակայն, հետաձգվեց՝ քննիչի բացակայության պատճառով:

2009 թվականի հուլիսի 1-ին Տիգրան Առաքելյանը եւ ՀԱԿ-ի եւս երկու երիտասարդ ակտիվիստներ ահազանգեցին, որ Աբովյան փողոցում անհայտ անձանց կողմից ծեծի եւ բռնության են ենթարկվել ընդդիմության հուլիսի 2-ի արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս: Այնուհետև խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Տիգրանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը, եւ նա ազատ արձակվեց միայն հոկտեմբերին: Իսկ 2010-ի ապրիլի 19-ին Տիգրան Առաքելյանը արդարացվեց:

XS
SM
MD
LG