Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքագետը դրական է գնահատում ռուսական ռազմակայանի շուրջ համաձայնությունը


C-300 համակարգերը Գյումրիում ռուսական ռազմակայանում

C-300 համակարգերը Գյումրիում ռուսական ռազմակայանում

Քաղաքագետ, «Նորավանք» կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը դրական է գնահատում Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին փաստաթղթի ստորագրումը:

«Պայմանագրի երկարաձգման փաստը գնահատում եմ խիստ դրական, քանի որ դրանով շեշտակի մեծանում է Հայաստանի անվտանգությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետը:

Որպես դրա ապացույց` Հարությունյանը մատնանշեց «1992-93 թվականներին թուրքական հանրապետության կողմից ծրագրված ռազմական հարձակումը Հայաստանի վրա, որի մասին խոսել է ե'ւ մարշալ [Խորհրդային Միության պաշտպանության նախկին նախարար,1993 թվականին` Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Եվգենի] Շապոշնիկովը` հայտարարելով, որ դրանով կսկվի երրորդ համաշխարհային պատերազմը, եւ այդպիսով թույլ չեն տվել, որպեսզի Թուրքիան հարձակվի, 1993 թվականի հարձակման ծրագրի մասին կա մանրամասն ՆԱՏՕ-ի անդամ պետության` Հունաստանի դեսպան Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի հուշերում»:

«Երկրորդ հարցը, որ շատ բորբոքում է մեր հանրությանը, ինքնիշխանության խնդիրն է` արդյոք խախտվո՞ւմ է Հայաստանի ինքնիշխանությունը` ունենալով նման մի բազա իր տարածքում», - ասաց Գագիկ Հարությունյանը` ընդգծելով. - «Բազմաթիվ պետություններ` Գերմանիայի Դաշնությունը, Հունաստանը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, ունեն իրենց մոտ ամերիկյան բազաներ, եւ ընդհանրապես` ամերիկյան բազաները մոտ 150-ն են ողջ աշխարհում, բայց կարծես թե Գերմանիայի Դաշնությունը կամ Մեծ Բրիտանիան անկախության, ինքնիշխանության խնդիրներ չունեն»:

«Նշվում է, որ պայմանագրով ռուսական ռազմակայանին վերագրվելու են նոր գործառույթներ, մասնավորապես` նաեւ Հայաստանի անվտանգության պահպանման հետ կապված: Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, թե պայմանագրում կատարվելիք փոփոխությունները չեն անդրադառնալու ռազմակայանի գործառույթների վրա: Դուք այստեղ հակասություն տեսնո՞ւմ եք», - այս հարցին քաղաքագետը արձագանքեց. - «Ես առանձնապես մեծ հակասություն չեմ տեսնում, քանի որ նախկինում էլ, եթե համարենք, որ նոր խմբագրությամբ` ենթադրվող խմբագրությամբ կնքվելու է պայմանագիրը, ապա նախկինում էլ այդ ռազմական հենակետը, ի վերջո, Հայաստանի անվտանգության խնդիրների լուծմանն էր միտված»:

Ավելի ճիշտ համարելով սպասել վերջնական ձեւակերպմանը` Գագիկ Հարությունյանը, միաժամանակ, ասաց. - «Բոլոր դեպքերում, եթե լինի այն, ինչ օրերս խոսվում է, որ դա վերաբերելու է նաեւ Հայաստանի ազգային անվտանգությանը, դա, իհարկե, միայն եւ միայն դրական պետք է ընդունել, այսինքն` լրացուցիչ շեշտվում է այդ պահը»:

Քաղաքագետը հատուկ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ փաստաթուղթը ստորագրվում է «անմիջապես Գյուլ - Ալիեւ հանդիպումից հետո, որ այդտեղ նույնպես համագործակցության պայմանագիր է կնքվել, խոսվում է Նախիջեւանում ռազմական բազաների մասին, եւ ես կարծում եմ` այս իրադրությունում դա բավական սթափ լուծում կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG