Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի բլոգերները կմնան անազատության մեջ


Ձերբակալված բլոգերներ Էմին Միլին (ձախից) եւ Ադնան Հաջիզադեն, Բաքու, նոյեմբեր, 2009թ.

Ձերբակալված բլոգերներ Էմին Միլին (ձախից) եւ Ադնան Հաջիզադեն, Բաքու, նոյեմբեր, 2009թ.

Ադրբեջանցի բլոգերները կմնան անազատության մեջ. այդ երկրի Գերագույն դատարանը մերժեց ազատազրկված բլոգերներ Էմին Միլիի եվ Ադնան Հաջիզադեի արդարացման պահանջն ու ուժի մեջ թողեց նրանց նկատմամբ դատական մյուս ատյանների կայացրած որոշումները:

Բաքվի առաջին ատյանի դատարանը անցած տարվա նոյեմբերին բլոգերներ Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլիի նկատմամբ, համապատասխանաբար, 2 եւ 2.5 տարվա ազատազրկում էր նշանակել: Դատարանը երիտասարդներին մեղավոր էր ճանաչել խուլիգանություն կատարելու մեջ` պնդելով, թե հուլիսին նրանք ծեծկռտուք են հրահրել Բաքվի «Լիբանան» ռեստորանում եւ մարմնական վնասվածքներ հասցրել երկու հաճախորդի:

Բլոգերների փաստաբանները, սակայն, հայտարարել եւ այժմ էլ հայտարարում են, թե երիտասարդները հետապնդվում են բացառապես իրենց քաղաքական հայացքների համար. ինտերնետում չեն թաքցնում իրենց հայացքները, հակակառավարական ակցիաներ են նախաձեռնում, եւ այլն:

Երիտասարդ բլոգերների փաստաբան Էլթոն Կուլիեւը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում «անարդարացի» է որակել դատարանի վերջին վճիռը եւ փոխանցել, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Բլոգերների բանտարկությունից հետո ադրբեջանցի իրավապաշտպանները հայտարարում էին, թե իրենց երկրում երկուսով ավելացավ քաղաքական բանտարկյալների թիվը:

Նման հայտարարություններ սկսեցին հնչել նաեւ միջազգային մակարդակով. բլոգերների բանտարկությանը արձագանքեցին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Amnesty International-ը, հարցը դարձավ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քննարկման առարկա, Վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ արեց ազատ արձակել անազատության մեջ գտնվող լրագրողներին` անընդունելի համարելով լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները երկրում:

«Ադրբեջանի իշխանությունները նման քայլով հերթական անգամն ականջալուր չեղան երիտասարդ բլոգերներին ազատ արձակելու վերաբերյալ հնչող միջազգային հանրության հորդորներին», - Գերագույն դատարանի վճռի մասին նման դիտարկում է արել ադրբեջանական «Թուրան»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG