Մատչելիության հղումներ

Մեկնարկում է ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը


ՀԱՊԿ-ի լոգոն
ՀԱՊԿ-ի լոգոն

Օգոստոսի 20-22-ը տեղի կունենան ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպումներ եւ աշխատանքային քննարկումներ Երեւանում եւ Սեւանում:

Գագաթնաժողովի օրակարգում տարածաշրջանային անվտանգության խնդիրներ են։

Հավաքական անվտանգության պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին են Տաշքենդում կնքել են Հայաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ 1993-ին պայմանագրին միացել են Ադրբեջանը, Վրաստանը եւ Բելառուսը։ Այն ուժի մեջ է մտել 1994 թվականին` հինգ տարի ժամկետով։

1999-ին Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկսստանը հրաժարվել են շարունակել մասնակցությունը պայմանագրին։ 2002 թվականին պայմանագիրը վերաճել է կազմակերպության` իր կանոնակարգով եւ իրավական կարգավիճակի համաձայնագրով։ 2006 թվականին Ուզբեկստանը նորից է միացել կառույցին։

Կազմակերպության գերագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է, դրանից բացի գործում են ՀԱՊԿ-ի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների խորհուրդները։ Մշտական գործող մարմինը քարտուղարությունն է։

Գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է։ Օգոստոսի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Բորդյուժային եւ քննարկել ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր։

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ առումով զսպիչ գործոն է։


«ՀԱՊԿ-ը չէր կարող բավարարել բոլոր անդամ երկրների բոլոր սպասելիքները` այն պարզ պատճառով, որ ԱՊՀ-ի երկրներից միայն 7-ն է կազմակերպության անդամ, դրանցից մի քանիսը, օրինակ` Հայաստանը, միմյանց հետ նույնիսկ ընդհանուր ցամաքային սահման չունեն։ 4-ը Կենտրոնական Ասիայի պետություններ են, եւ բնական է, որ նրանց շահերը բավական լուրջ տարբերվում են, ասենք, Հայաստանի կամ Բելառուսի շահերից», - ասաց Ստեփան Գրիգորյանը եւ ավելացրել, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից Ղրղըզստանը եւ Տաջիկստանը բավական ծանր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական վիճակում են։

«Այս ամենից բխում է, որ համակարգը չէր կարող շատ արդյունավետ լինել։ Եվ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը ինչ-որ դեր սկսեց խաղալ։ Մեր անվտանգության ապահովման հարցում դա մեծ դեր չէ, բայց պայմանագրում կա 4-րդ կետը, որի համաձայն` անդամ պետությունները պարտավոր են պաշտպանել այն անդամ պետությանը, որի նկատմամբ ՀԱՊԿ-ից դուրս գտնվող որեւէ երկիր ծավալում է ռազմական գործողություններ կամ սպառնում դրանցով։ Դա ինչ-որ չափով զսպիչ մեխանիզմ է նույն Ադրբեջանի համար, եթե վերջինս մտադրվի ռազմական գործողություն սկսել», - նշեց հայաստանցի վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG