Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող իրանցին դատարանից տեղափոխվել է հիվանդանոց


Հինգշաբթի օրը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերին իր պաշտպանական ճառի ժամանակ նյարդային նոպա է ունեցել եւ «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Դռնփակ դատական նիստում կատարվածի մասին «Ազատություն ռադիոկայանին պատմեց Բաղերիի դատապաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«Երբ [Բաղերին] սկսեց հրապարակել իր պաշտպանական ճառը, մեղադրողը սկսեց միջամտել: Անհարկի միջամտություններ են կատարում, որը հունից հանեց Բեհնամ Բաղերիին: Նա պատռեց այդ ճառը եւ դուրս եկավ: Երբ հետ վերադարձրեցին, նա արդեն շատ ծանր վիճակում էր գտնվում, ցնցումների մեջ էր ընկել: Բժիշկները պնդում էին, որ նրան անմիջապես պետք է հիվանդանոց տանել, որովհետեւ ինսուլտ է զարգանում», - փոխանցեց Պետրոսյանը:

Իրանի քաղաքացին «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխեց Երեւանի թիվ 1 քաղաքացիական հիվանդանոց։

Հիշեցնենք, 30–ամյա Բեհնամ Բաղերին մեղադրվում է Ադրբեջանի օգտին լրտեսելու համար։ Մեղադրող կողմը պահանջել է նրան դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրականի, նա Արցախի ազատամարտի հայտնի հրամանատարներից մեկից՝ Գեւորգ Հայրապետյանից, 2009 թվականի սեպտեմբերին ստացել է մի տեսասկավառակ, որը, Հայաստանից դուրս գալիս, Մեղրիի անցակետում հայտնաբերվել է իրանցու պայուսակում։ Մեղադրականում նշված է, որ տեսասկավառակում եղել են հակահայկական քարոզչություն պարունակող նյութեր, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի միջազգային հեղինակությունը վարկաբեկելու համար։

Այժմ նույն գործով ամբաստանյալ է նաեւ նախկին հրամանատարը՝ Գեւորգ Հայրապետյանը, որի համար մեղադրողը դատարանից պահանջել է 13 տարի ազատազրկում։ Նա անցած տարիներին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգեւատրվել է մի շարք մեդալներով ու շքանշաններով։

Գեւորգ Հայրապետյանի կինը՝ Քրիստինե Ապրեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց. - «Մեղադրող կողմը ինձ ասում է` ես վերեւը զեկուցել եմ, այլ ընտրություն չունես, տիկին, գնա ամուսնուդ համոզի` վիզ վերցնի… Իմ ամուսինը զտարյուն ապարանցի է, եւ իր չարած բանը երբեք վիզ չի վերցնի»:

Գեւորգ Հայրապետյանի մարտական ընկերները դատական դռնփակ նիստերին չեն մասնակցում, բայց դրսից մշտապես հետեւում են ընթացքին։

Գեւորգ Հայրապետյանի մայրը, որ հարսների ու թոռների հետ այսօր Քելբաջարում է ապրում, այսօր դատարանում էր:

«Ես պահանջում եմ Սեյրան Օհանյանից` իմ տղայի պագոնները պոկեն, մեդալները բոլորը գան տանեն: Ես տանեմ հանձնեմ Սեյրան Օհանյանին, միայն թե այդ անունը [դավաճան] չդնեն իմ տղայի վրան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Դատական նիստը հետաձգվեց:

Դավաճանության գործով դռնփակ դատ
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG