Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի նախագահը ժամանեց Երեւան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հինգշաբթի օրը պետական այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, ՌԴ Հյուսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, պաշտոնատար այլ անձինք:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ապա եղել է հուշահամալիրի Հիշողության պուրակում, որտեղ 2008 թվականի իր պաշտոնական այցի ժամանակ եղեւնի էր տնկել:

Երեկոյան Հայաստանի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ անունից ի պատիվ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով:

«Սա նշանակալից այց է: Պետական այց հասկացության էությունը խորհրդանշում է հարաբերությունների այն բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջեւ: Եվ տվյալ այցը լավագույն հնարավորությունն է մեր հարաբերությունների դինամիկայի դիտարկման, որոշ արդյունքների ամփոփման եւ մեր դաշնակցային փոխգործակցության նոր նպատակների նախանշման համար», - ասել է Հայաստանի նախագահը: - «Մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների միջեւ բարեկամական վաղեմի եւ ամուր կապերով, երկու պետությունների բազմակողմ եւ հաջող համագործակցությամբ»:

«Հայ - ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման ամենակարեւոր բաղադրիչներից է: Դրա ապացույցն են այն կարեւոր հարցերը, որոնք մենք առաջիկայում կքննարկենք», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա խոսել է նաեւ հայ - ռուսական համագործակցությանը բնորոշ պատմական բարեկամության, վստահության, արժեքներին նվիրվածության հսկայական ժառանգության կարեւորության մասին:

«Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկած պետական այցի առաջին իսկ րոպեից` ես եւս մեկ անգամ զգացի երկուստեք վստահություն, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք կարո'ղ ենք եւ եռանդուն կյանքի կկոչենք համատեղ նախանշված ծրագրերը», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության, Ռուսաստանի Դաշնության եւ ռուս գործընկերների մասին ասված բարի խոսքերի համար:

«Մեր հարաբերությունները, իրոք, դարերով են հաշվվում: Եվ որ ամենակարեւորն է` այդ դժվարին պատմական փուլերում մեր
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
ժողովուրդներն ավանդաբար աջակցել են միմյանց: Դրա օրինակները շատ են», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Մեդվեդեւը նաեւ նշել է, որ Հայաստանն առաջիններից մեկը օգնության հասնելով Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում` բարոյական եւ մարդկային մեծ աջակցություն է ցուցաբերել:

«Ռուս - հայկական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում իսկապես շատ սերտ են: Դրանք նույնիսկ կարելի է օրինակելի կոչել, ընդ որում` բոլոր ուղղություններով: Մեր երկխոսությունը փոխշահավետ է, այդ թվում` նաեւ մարզերի եւ մարդկանց միջեւ ուղիղ շփումների միջոցով, ինչը հատկապես կարեւոր է եւ գնահատելի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

«Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, բոլոր գործընկերներին` մեր հարաբերությունների ամրապնդման, մեր երկրները միմյանց կապող իսկապես դաշնակցային հարաբերությունները զարգացնելու անկեղծ ձգտման համար: Այս պետական այցը հենց այդ դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն է», - ասել է Մեդվեդեւը:

Պետական ճաշին մասնակցել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները, հայ - ռուսական հարաբերությունների զարգացման գործում ակտիվ ներդրում ունեցող հասարակական, մշակութային, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները երեկոյան նաեւ զբոսնել են Հանրապետության հրապարակում, «Երգող շատրվանների» շուրջ` ունկնդրելով հատուկ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցի պատվին հնչող ռուս դասականների ստեղծագործություններ:
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Հրապարակում գտնվող երեւանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւն այցելել են երեւանյան սրճարաններից մեկը:

Օգոստոսի 20-ին նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Կստորագրվեն հայ - ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները նաեւ կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Պետական այցի ավարտին Դմիտրի Մեդվեդեւը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG