Մատչելիության հղումներ

Պաշտոնյաներն ու անկախ փորձագետները տարակերպ են մեկնաբանում Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները


Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը (աջից) եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը: 19-ը օգոստոսի, 2010թ.

Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը (աջից) եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը: 19-ը օգոստոսի, 2010թ.

Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ պաշտոնյաների եւ անկախ փորձագետների կարծիքները էապես տարբերվում են։

«Խնդիր է դրվել աշխատողների օրինական շահերը եւ գործատուների նույն իրավունքներն ու երաշխիքները հավասարակշռել», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով հունիսի 24-ին ընդունված եւ օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները՝ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը:

Փոփոխությունները հիմնականում վերաբերում են աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու մեխանիզմներին։ Մասնավորապես, սահմանվում է, որ մարդուն աշխատանքի ընդունելու համար գործատուն պետք է աշխատողի հետ պայմանագիր կնքի կամ աշխատանքի ընդունելու մասին հրաման, կարգադրություն հրապարակի, որի կրկնօրինակը պետք է տրամադրվի աշխատողին։ Ընդ որում հրամանը, կարգադրությունը պետք է պարունակեն նույն երաշխիքները, որոնք ներառվում են աշխատանքային պայմանագրում։

«Օրենքի նախագծում աշխատանքային հարաբերություններ ստեղծելու համար բանավոր պայմանավորվածության դրույթը, որը հանրության լայն շրջանակների կողմից լուրջ քննադատության արժանացավ, հանվել է», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որը մասնակցել է օրենսդրական փոփոխությունների այս փաթեթի շուրջ քննարկումներին եւ առարկություններ հայտնել, ընդունված փոփոխությունները որակում է «ձեւական»։

«Սկզբունքային փոփոխություն ես չեմ տեսնում։ Ձեւական, տեխնիկական փոփոխություններ են, ինչ-որ տեղ էլ ավելի վատթարացվել է աշխատողի վիճակը, քան բարելավվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց կազմակերպության իրավաբան Ժորա Խաչատրյանը։

Միակ դրական փոփոխությունը, իրավաբանի կարծիքով, գործատուի կողմից աշխատողին իրավական ակտի հիման վրա աշխատանքի ընդունելու մասին դրույթն է, քանի որ դա աշխատողին հնարավորություն է տալիս իր իրավունքները պաշտպանել դատարանում։

«Աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում աշխատողը իրավունք ունի ապացուցելու, որ աշխատանք իրոք կատարել է», - պարզաբանեց Խաչատրյանը։

Աշխատանքային օրենսգրքում կատարված այլ փոփոխությունների թվում է պարտադրանքը՝ սահմանել 5-օրյա աշխատանքային ռեժիմ` երկու հանգստյան օրերով (բացառությամբ հանրակրթության ոլորտի):

Փոփոխությունները վերաբերում են նաեւ գիշերային եւ արտաժամյա աշխատանքի վարձատրության խնդիրներին, արձակման նպաստին եւ աշխատանքից ազատման դեպքում աշխատողին ծանուցման ժամկետներին, միջին աշխատավարձի, ինչպես նաեւ արձակուրդի հաշվարկի մեխանիզմներին:

Ոլորտի պատասխանատուներն ընդգծում են, թե օրենքը լիարժեք կերպով կկիրարկվի այն դեպքում, երբ արդյունավետ աշխատեն ոչ միայն պետական վերահսկողության մեխանիզմները, այլեւ բարձրանա աշխատողների իրավագիտակցության մակարդակը:
XS
SM
MD
LG