Մատչելիության հղումներ

«Սրվել է տղաներին բանակ ուղարկող ծնողների տագնապը»


Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի խոսքով` վերջին շրջանում ՀՀ Զինված ուժերում տեղի ունեցած մահացու ելքով իրադարձությունները լուրջ ազդեցություն են ունեցել նորակոչիկների, զինվորների ծնողների վրա: Ըստ նրա` տղաներին բանակ ուղարկող ծնողների անհանգստության սանդղակը բարձրացել է:

«Անորոշություն կա, թե ինչպիսի զորամասում կհայտնվի, ով կլինի հրամանատարը ինչպիսի բարքեր կտիրեն այնտեղ: Սրանք հարցեր են, որ միշտ են հուզում ծնողներին, բայց վերջին ողբերգական իրադարձությունները հատկապես սրել են տագնապը», - նշեց հոգեբանը` ավելացնելով, որ սա մեծ հարված է նաեւ սպայական անձնակազմի եւ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների համար: - «Ես հանդիպել եմ պաշտպանության նախարարին դեպքերի հաջորդ օրը ու տեսել եմ նրա ապրումները. սա սարսափելի բան է բոլորիս համար, ինքս մի ողջ գիշեր չեմ քնել»:

Ռազմական հոգեբանի կարծիքով` հաճախ ապագա զինվորների ընտանեկան դաստիարակությունն է պատճառ դառնում բանակում խնդիրներ ունենալու համար: - «Պետք չէ վախի մթնոլորտ սփռել եւ հավատացնել տղային, թե ինքը բանակում չի ծառայելու կամ իր համար հատուկ պայմաններ կստեղծվեն: Տղաներն այս կերպ դժվարությունների նկատմամբ ավելի խոցելի են դառնում», - նշեց Ջամալյանը:

XS
SM
MD
LG