Մատչելիության հղումներ

«Հայաստանում տեղակայված ռազմակայանի գործառույթները կմնան նույնը»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրում կատարվելիք փոփոխությունները չեն անդրադառնա ռազմակայանի գործառույթների վրա:

«Ռազմակայանի գործառույթների որեւէ փոփոխություն չպետք է սպասել», - երեկ երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` մանրամասնելով. - «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրին կից արձանագրություն ստորագրելու հիմնական խնդիրը ժամանակի մեջ հեռանկար ունենալն է, առավել երկարաժամկետ պլանավորումը: Մյուս առումներով ռազմակայանի կողմից իրականացվող բոլոր գործառույթները անփոփոխ են մնում»:

Լավրովը, այսպիսով, ըստ էության, հակադարձել է հայաստանյան որոշ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների այն պնդումներին, թե պայմանագրում կատարվելիք փոփոխությունների արդյունքում կփոխվեն նաեւ ռազմակայանի գործառույթները:

Այս կապակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Սերգեյ Լավրովը «ըստ էության դիվանագիտական հայտարարություն է արել` փորձելով պահպանել տարածաշրջանային հավասարակշռությունը»:

Անդրադառնալով Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին տեղեկություններին` Ռուսաստանի արտգործնախարարը, ըստ էության, չի հերքել դրանք եւ որոշակի պարզաբանումներ է արել. - «Եկեք չմոռանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում C-300 զենիթահրթիռային համակարգերը. դրանք պաշտպանական սպառազինություններ են` կոչված պաշտպանելու համապատասխան տարածքը դրսի հրթիռային հարձակումներից: Մենք երբեք զենք չենք մատակարարում այնպիսի տարածաշրջանների, որտեղ նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը: Պաշտպանական սպառազինությունները կարող են խնդիր հարուցել միայն նրա համար, ով ծրագրում է ուժ կիրառել: Ես համոզված եմ, որ այն տարածաշրջանում, որի մասին խոսում ենք, որեւէ պետություն չի պատրաստվում նոր ռազմական գործողություններ սկսել, քանի որ դա աղետալի կլիներ»:

Շարմազանովի մեկնաբանությամբ, Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությունը ո'չ հաստատում, ո'չ էլ հերքում է Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգերը վաճառելու մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով, կարեւորն այն է, որ Լավրովը բացառում է տարածաշրջանում պատերազմի վերսկսման հնարավորությունը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, մինչդեռ, կարծում է, որ այդ համակարգերը Ադրբեջանին վաճառելու դեպքում Ռուսաստանը կխախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում եւ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների դեպքում հայկական կողմին կզրկի համարժեք պատասխան տալու հնարավորությունից:

«Տրամադրելով նման համակարգեր Ադրբեջանին` իրենք չեզոքացնելու են հայկական կողմերի լիարժեք եւ համարժեք պատասխանը ադրբեջանական հարձակման դեպքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարապետյանը` պարզաբանելով. - «Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը օդային ուժի առումով շուրջ 7-8 անգամ, մասնավորապես, ինքնաթիռների, ուղղաթիռների քանակով գերազանցում է Լեռնային Ղարաբաղի, անգամ Հայաստանի Զինված ուժերին: Եվ այդ պարագայում ապահովագրելով իր ռազմավարական ենթակառուցվածքները` Ադրբեջանը հնարավորություն կունենա ավելի արդյունավետ կերպով օգտագործել իր առավելությունը»:

Նա նաեւ նկատեց, որ եթե պաշտպանական համակարգերը որեւէ վտանգ չներկայացնեին, ապա Ռուսաստանը այդչափ կտրուկ չէր ընդդիմանա Միացյալ Նահանգների կողմից Լեհաստանում հակահրթիռային պաշտպանական կայաններ տեղադրելու մտադրությանը:

Իսկ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի գործառույթների վերաբերյալ Լավրովի հայտարարությանը, ըստ Վլադիմիր Կարապետյանի, ցույց է տալիս, որ Հայաստանի պաշտոնական մեկնաբանությունները իրականությանը չէին համապատասխանում, եւ ռուսաստանյան ռազմակայանը «չի ապահովելու հայկական կողմերի անվտանգությունը Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման դեպքում»:
XS
SM
MD
LG