Մատչելիության հղումներ

Դավութօղլուն ափսոսում է, բայց հետ չի վերցնում Դինքի գործով Եվրադատարան ուղարկված պատասխանը


Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե ինքն անձամբ շատ է ափսոսում թուրքական կառավարության պատասխանի համար, որը ներկայացվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան` որպես պատասխան Հրանտ Դինքի իրավահաջորդների հայցի։

«Դինքի ընկերներ» խումբը օրերս պահանջել էր հետ վերցնել այդ պատասխանը։

Չորեքշաբթի օրը մի խումբ լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն ասել է, թե պաշտպանական նոր պատասխան ձեւակերպելու, Եվրադատարան ներկայացնելու ժամանակը սպառվել է, ու իրենք հիմա քննարկում են այլ մեթոդներ։

Հրանտ Դինքի իրավահաջորդները Եվրադատարան հայց էին ներկայացրել Թուրքիայի կառավարության դեմ` պնդելով որ իշխանությունները չկանխեցին «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը։

Ըստ կարգի, երբ Եվրադատարանը որեւէ հայց է ընդունում, պատասխանող կողմը պարտավոր է ներկայացնել իր պարզաբանումները, պատասխանը։

Հրանտ Դինքի իրավահաջորդների հայցի դեմ իր պատասխանում Թուրքիայի կառավարությունը, մասնավորապես, գրել էր. - «Դինքը վիրավորում էր թուրքերի ինքնությունը։ Նրա խոսքում ատելություն կար։ Այսպիսի հոդվածները սադրում են մարդկանց ու խնդիրներ ստեղծում»: Թուրքիայի կառավարությունը գրել էր, որ եթե Դինքին իրականում սպառնում էին, ապա նա պաշտպանության խնդրանքով պետք է դիմեր տեղական իշխանություններին։ Ավելին, թուրքական կառավարությունը նաեւ օրինակ էր բերել գերմանացի նեոնացիստներից մեկի գործը ընդդեմ Գերմանիայի կառավարության` փաստորեն զուգահեռներ անցկացնելով նեոնացիստի գործի ու Դինքի գործի միջեւ։

«Դինքի ընկերներ» խումբը Թուրքիայի կառավարության այս պատասխան-պաշտպանության դեմ հայտարարություն էր տարածել` գրելով որ իրենք «ամոթ են զգում Թուրքիայի կառավարության նման քայլի համար», որ «անընդունելի է Թուրքիայի Հանրապետության անունից նման պաշտպանական տեքստ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան», եւ պահանջել էին, որ Թուրքիան անհապաղ հետ վերցնի այդ պատասխանը ու ներողություն խնդրի Դինքի ընտանիքից։

Դավութօղլուն լրագրողներին ասել է, թե իր համար` ե'ւ որպես մտավորական, ե'ւ որպես նախարար, ընդունելի չէ այդ պատասխանը: Նա արդարացել է` ասելով, թե գործուղման մեջ է եղել, երբ այդ պատասխանը ուղարկվել է Եվրադատարան, ինքը այն չի ստորագրել, չի կարդացել, ու հիմա հանձնարարել է քննություն անցկացնել։

Դավութօղլուն ասել է, որ կառավարությունը գուցե առաջարկի Դինքի ընտանիքին այդ խնդրի շուրջ «բարեկամական լուծում» գտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG