Մատչելիության հղումներ

Օգոստոսի 19-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականն ընդհանրացնում է. - «Ուժերի դասավորությունը Ղարաբաղի հարցում այս պահին հետեւյալն է: Թուրքիան ցանկանում է Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես ադրբեջանցիներն են ուզում: Եվրոպային եւ Ամերիկային այդ հարցը առանձնապես չի հուզում: Ռուսաստանն ընդհանրապես չի ուզում, որ խնդիրը որեւէ ձեւով լուծվի, որովհետեւ դրանից հետո թե' Հայաստանը եւ թե' հատկապես Ադրբեջանը դուրս կգան իր ազդեցության ոլորտից: Հետեւաբար, եթե վերանանք այն հանգամանքից, թե ինչու է ստեղծվել այս իրավիճակը եւ ով է դրանում մեղավոր, ապա այս պահի երկընտրանքը հետեւյալն է. կա'մ Ղարաբաղի հարցը լուծվում է Ադրբեջանի փափագած ձեւով, ինչը կործանարար ազդեցություն կունենա Հայաստան պետության վրա, կա'մ status quo-ն պահպանվում է եւս մի քանի տարի` դրանից բխող պատերազմի վտանգով, տնտեսական եւ ժողովրդագրական հետեւանքներով: Դուք լինեիք` ո՞րը կընտրեիք: Բնականաբար, երկրորդը: Բայց դա իր հերթին նշանակում է երկու բան. ա/ խաչ քաշել մոտ ապագայում տնտեսական եւ քաղաքական զարգացման հեռանկարների վրա, բ/ անել այն, ինչ ցանկանում է Ռուսաստանը: Այնպես որ ռազմաբազաների վերաբերյալ փնթփնթոցը թեեւ տեղին է, բայց` ժամանակավրեպ»:

«168ժամ»-ը գրում է. - «Մեդվեդեւի րոպեական հաճույքների համար կատարված աննախադեպ ծախսերը, Երեւանի ու Հայաստանի ճանապարհների մեծ մասի ծաղկազարդումը, ասֆալտապատումը համապետական նվաստացման միայն մակերեսային կողմն է: Դրան գուցեեւ հնարավոր լիներ նորմալ վերաբերվել, եթե Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում փորձեր պահպանել ինքնիշխան, համահավասար իրավունքներ ունեցող երկրի կարգավիճակը: Գոնե հրապարակային հարթությունում»:

Թեման զարգացնում է «Հայկական ժամանակ»-ը. - «Ռուսաստանի նախագահը նորից գալիս է Հայաստան: Նորից մեծ ոգեւորություն է Հայաստանում: Դիտահորերի կափարիչները նորից զոդում են` անվտանգության նկատառումներով: Թուրքիայի նախագահը նորից գնացել է Բաքու: Ադրբեջանի նախագահը նորից հոխորտում է, եւ մեր հույսը նորից Ռուսաստանի նախագահն է: Մենք նորից զենք ենք խնդրում Ռուսաստանից եւ հոգեբանական աջակցություն եւ նորից փող չունենք դրա դիմաց վճարելու` վճարում ենք հայրենիքով: Իշխանությունը նորից սա հաղթանակ է համարում, որովհետեւ կարողացավ հետաձգել ջրհեղեղը, որի ժամկետները տեղափոխվեցին իրենցից հետո»:

Հարցին բոլորովին այլ դիրքերից է մոտենում քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում. - «Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու մասին խոսք լինել չի կարող: Եթե այլ երկրի ռազմակայանի գործունեությամբ է որոշվում պետության անկախությունը, ապա Ճապոնիան 1945 թվականից առ այսօր անկախ չէ, քանի որ այդ երկրում ԱՄՆ-ն տասնյակից ավելի ռազմակայաններ է տեղակայել: Ոչ մի խելամիտ մարդ չի կարող վիճարկել, որ Ճապոնիան անկախ պետություն է: Ամենեւին չեմ ընդունում, թե ռուսական ռազմակայանի գոյությունը խաթարում է Հայաստանի անկախությունը: Ճիշտ հակառակը. ռազմաքաղաքական համագործակցության միջոցով հիմա աշխարհի գրեթե բոլոր պետությունները ամրապնդում են իրենց սուվերենությունը»:

«Ազգ» թերթում կարդում ենք Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի անդամ, դրամատուրգ Գագիկ Կարապետյանի կարծիքը սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին հայերի մասնակցության վերաբերյալ. - «Հայերն այդ օրը պետք է ներկա լինեն պատարագին, քանի որ չգնալու պարագայում էլ թուրքական շոուն տեղի կունենա: Այդ օրը քրդերը կարող են ներկայացվել որպես հայեր: Եկեղեցում հարյուր տարի պատարագ չի մատուցվել: Ինչպե՞ս հայերը կարող են չմասնակցել այդ արարողությանը»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեւան-Բաթումի ուղեւորատար գնացքից օգտվողներից շատերն այս ամառ անակնկալի են գալիս՝ պարզելով, որ իրենց տեղի վրա մեկ ուրիշին էլ է տոմս վաճառվել: Մեր տեղեկություններով, երկաթուղու տնօրինությունը վիճակից ելքը գտնում է ուղեւորատար գնացքին ապօրինաբար նոր վագոններ կցելով: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ մամուլի խոսնակ Վահե Դավթյանը չհերքեց կրկնակի տոմսեր վաճառելու փաստը, բայց ասաց, որ դա մասսայական բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է վագոններին, խոսնակի ասելով, երբ պահանջարկը չեն կարողանում բավարարել, նոր վագոններ են կցում գնացքին, ինչն օրինական է: Ստեղծված իրավիճակն այնքան է սրվել, որ երկաթգծի կայարանի տարածքում օպերատիվ շտաբ է ստեղծվել, որտեղ կարող են դիմել նման խնդիրների բախված ուղեւորները: Կրկնակի վաճառված տոմսերի դեպքում ուղեւորներին նույնանման այլ վագոն են տեղափոխում: Շատ փող աշխատելու մարմաջը նման կազուսների կարող է հանգեցնել: Միայն հուլիս ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» 83 հազար ուղեւոր է տեղափոխել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG