Մատչելիության հղումներ

Զոհված սպայի քույրը կտրականապես բացառում է եղբոր ինքնասպանությունը


Լեյտենանտ Արտակ Նազարյանը:
Լեյտենանտ Արտակ Նազարյանը:
Տավուշի մարզի թիվ 21177 զորամասում անցած ամիս մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի քույրը կտրականապես հերքում է եղբոր ինքնասպանության վարկածը` չնայած «կասկածելի հանգամանքներում» ի հայտ եկած գրությանը, որում Արտակը, իբր, ինքնասպանության մասին խոստովանություն է անում:

«Ըստ այդ գրության, ստացվում է, որ եղբայրս ինքնասպանություն է գործել, որովհետեւ այդտեղ ինքը գրում է, թե ինքն է դիմում այդ քայլին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ծովինար Նազարյանը` շարունակելով. - «Այդ գրության մասին խոսակցություններ կային դեռեւս առաջին օրերին: Հետո դրանք անհետացան` չգիտես ինչու: Հետո թուղթը հայտնվեց մի 10-12 օր հետո, ու շատ կասկածելի է, թե ուր էր այդ թուղթը մինչեւ հիմա»:

Դեպքի վայրում տեղազննության ժամանակ, ի դեպ, նման գրություն չի հայտնաբերվել, ուստի պարզ չէ, թե ինչպես ի հայտ եկավ այդ գրությունը, ում մոտ էր պահվում: Գրությունն արդեն ուղարկվել է ձեռագրաբանական փորձաքննության, ընդ որում` տուժող կողմի պաշտպանի բացակայության պայմաններում:

Ծովինարի փոխանցմամբ, հայտնաբերվել է նաեւ Արտակ Նազարյանի անհետացած նոթատետրը, որի էջերի մեծ մասը պատռված է: Եվ կրկին անհայտ է, թե ում մոտ էր գտնվել նոթատետրը:

Ծովինար Նազարյանը կասկածներ ունի, թե Արտակին վերագրվող գրությունը «սարքված է». - «Ճիշտն ասած` այդ գրությունը ինձ համար մի կոպեկի արժեք չունի, քանի որ իր [Արտակի] վրա կան խոշտանգման հետքեր: Խոշտանգման պարագայում այդ գրությունը կարելի էր ստանալ ցանկացած ձեւով… Կարելի էր կեղծել… Ինչ-որ մեկը գրեր»:

Մեկ անգամ էլ հայտարարելով, որ բացառում է Արտակի ինքնասպանությունը` Ծովինարը ասաց, որ հարկավոր է պարզել, թե ովքեր էր խոշտանգել իր եղբորը. - «Դա ոչ թե ինքնասպանության հասցնել է, այլ առանձնակի դաժանությամբ սպանություն է: Ես կարծում եմ, որ պլանավորված է եղել: Եթե անգամ Արտակը իր ձեռքով գրեր` հարկադրանքի տակ, միեւնույն է, ոչինչ չի փոխվում, որովհետեւ իրենք պլանավորել են եւ սպանել են»:

Իսկ սպանության պատճառը, Ծովինար Նազարյանի խոսքով, եղբոր փոխհարաբերություններն էին մյուս սպաների հետ. - «Լսածից ստացվում է, որ եղբորս չեն հավանել մյուս սպաները այն պատճառով, որ ինքը զինվորների հետ լավ հարաբերություններ է ունեցել, որ ինքը զինվորներին խնամքով եւ սիրով է վերաբերվել: Գաղտնիք չէ, թե մեր բանակում ինչպիսի բարքեր են տիրում. եթե դու զինվորի հետ լավ հարաբերությունների մեջ ես, նշանակում է` նրա հետ առեւտրի մեջ չես մտնում: Հետեւաբար` դու այդ կոռումպացված շղթայի օղակ չես դառնում»:

Արտակը, ընտանիքի անդամների պնդմամբ, ասել է, որ վատ հարաբերությունների մեջ է եղել գումարտակի հրամանատարի եւ նրա տեղակալի հետ: Հարուցված քրեական գործում, մինչդեռ, գումարտակի հրամանատարի անունը անգամ չի շոշափվում: Իսկ հարազատների համոզմամբ, նա նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցած համար, սակայն նա ազատության մեջ է. Պաշտպանության նախարարը նրան ընդամենը ազատել է աշխատանքից:

Հարուցված քրեական գործի շրջանակներում, հիշեցնենք, ձերբակալվել են տվյալ զորամասի չորս զինծառայողներ, այդ թվում` գումարտակի հրամանատարի տեղակալը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տուժող կողմի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը մտահոգություն հայտնեց նախաքննության ընթացքից` նշելով, որ «կարծես թե փորձ է արվում պաշտպանել Պաշտպանության նախարարության որոշ պաշտոնյաների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG