Մատչելիության հղումներ

Արգելվել է Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռի մուտքը Ադրբեջանի օդային տարածք


Աֆղանստան -- Գերմանական բանակի գեներալը մեդալներ է հանձնում Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահներին, Կունդուզ, արխիվ
Աֆղանստան -- Գերմանական բանակի գեներալը մեդալներ է հանձնում Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահներին, Կունդուզ, արխիվ

Ադրբեջանը հրաժարվել է իր օդային տարածքի օգտագործման թույլտվություն տրամադրել Աֆղանստանից Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Հայաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներից։

ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռը, որը Երեւան էր տեղափոխում Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառայությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխը, հարկադրված է եղել փոխել երթուղին։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Հայ խաղաղապահները դեռեւս չեն ժամանել Երեւան։

Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, ինչպես նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ։

Պաշտպանության նախարարությունում քննարկվում է համարժեք քայլեր ձեռնարկելու՝ մասնավորապես` Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին Հայաստանի օդային տարածքի օգտագործման թույլտվություն չտալու հարցը, թեեւ նախկինում Հայաստանը մշտապես բաց է պահել իր օդային տարածքը` Թուրքիայից դեպի Ադրբեջան, իսկ այնուհետեւ Աֆղանստան մեկնող եւ վերադարձող ինքնաթիռների համար։

Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանման 40 զինծառայողները Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցում են փետրվարի 14-ից։

Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում գերմանական ուժերի հրամանատարության ներքո Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG