Մատչելիության հղումներ

logo-print

Արգելվել է Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռի մուտքը Ադրբեջանի օդային տարածք


Ադրբեջանը հրաժարվել է իր օդային տարածքի օգտագործման թույլտվություն տրամադրել Աֆղանստանից Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Հայաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներից։

ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռը, որը Երեւան էր տեղափոխում Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառայությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխը, հարկադրված է եղել այլ երթուղի ընտրել։ Հայ խաղաղապահները դեռեւս չեն ժամանել Երեւան։

Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, ինչպես նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ։

Պաշտպանության նախարարությունում քննարկվում է համարժեք քայլեր ձեռնարկելու՝ մասնավորապես` Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին Հայաստանի օդային տարածքի օգտագործման թույլտվություն չտալու հարցը, թեեւ նախկինում Հայաստանը մշտապես բաց է պահել իր օդային տարածքը` Թուրքիայից դեպի Ադրբեջան, իսկ այնուհետեւ Աֆղանստան մեկնող եւ վերադարձող ինքնաթիռների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG