Մատչելիության հղումներ

Ժիրայր Լիպարիտյանը ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի փոփոխությունը «ձախողման» արդյունք է համարում


Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանի «դիվանագիտական ձախողման» արդյունք է համարում Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայումը երկարաձգելու մասին որոշումը։

«Ինձ մտահոգում է մեկ հարց. նման պայմանագիր, որ այդքան երկարաձգված [ժամկետով է կնքվում] նշանակում է, որ ինչ-որ ձախողություն ունենք դիվանագիտական բնագավառում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը կարծիք հայտնեց Լիպարիտյանը, ով 1991-97 թվականներին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում, այդ թվում՝ հանդիսացել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը։

Ակնկալվում է, որ օգոստոսի 19-ին պետական այցով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրություն կստորագրեն Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Փոփոխությունների համաձայն, Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը (25 տարվա փոխարեն) երկարաձգվում է մինչեւ 49 տարի` սկսած 1995 թվականից: Մեկ այլ էական փոփոխությամբ, ռուսաստանյան ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ միասին ապահովելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

«Այսինքն՝ երկրի անվտանգությունը շատ ավելի վստահելու ենք ռազմական ոլորտին, քան` դիվանագիտական», - մեկնաբանում է Լիպարիտյանը, - «Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարողացել լուծել մեր հարցերը հարեւանների հետ, եւ հիմա ստիպված գնում ենք նման քայլերի»։

Քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի նոր տարբերակը չի կարող Երեւանի համար անվտանգության երաշխիք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:

«Պայմանագիրը նույնիսկ պայման ունի, որը վստահ եմ՝ նորի մեջ էլ պիտի լինի։ Պայմանն այն է, որ եթե Հայաստանի սահմաններում ռազմական գործողություն լինի, դա չի նշանակում, որ ինքնաբերաբար Ռուսաստանը օժանդակության կգա։ Եթե հարձակման ենթարկվի մեկ կողմը, խորհրդակցություն կլինի մյուս կողմի հետ։ Մյուս կողմն է, որ կորոշի՝ պիտի մասնակցի, թե ոչ», - նշեց Լիպարիտյանը։ - «Օրինակ Թուրքիայի պարագայում ենթադրում եմ, որ այո, եթե Թուրքիայից հարձակում լինի [Ռուսաստանը կօժանդակի]։ Բայց Ադրբեջանի պարագայում վստահ չեմ, որ Ռուսաստանը կգա օժանդակության, որովհետեւ վստահ եմ, որ Ադրբեջանը առանց Մոսկվայի համաձայնության նման հարձակում չի անի»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG