Մատչելիության հղումներ

Պյատիգորսկում պայթյունի հետեւանքով վիրավորվել է 30 մարդ, նրանցից 7-ը՝ ազգությամբ հայ են


Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում օգոստոսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում տուժել է մոտ 30 մարդ, զոհեր չկան։

Պյատիգորսկի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, վիրավորներից 7-ը ազգությամբ հայ են, բոլորն էլ երիտասարդ՝ 19-33 տարեկան։ Նրանցից մեկի՝ 33-ամյա Շուշանիկ Մանուկյանի վիճակը ծանր է. այսօր նրան, ինչպես նաեւ ահաբեկչության արդյունքում ծանր վնասվածքներ ստացած 3 տղամարդկանց ինքնաթիռով Պյատիգորսկից Մոսկվա են տեղափոխել։

Պայթյունը որոտացել էր քաղաքի կենտրոնական ամենամարդաշատ փողոցներից մեկում՝ Կիրովի փողոցում գործող սրճարանի հարեւանությամբ կայանված մեքենայում։ Ինչպես տեղից փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակից Լադա Լեդենեւան, մեքենան ամբողջովին այրվել է, իրավապահները դժվարությամբ են որոշել անգամ դրա գույնն ու մակնիշը։

«Պայթյունն այնքան ուժգին էր, որ լրջորեն վնասվել են այդ տարածքում կայանված մեքենաները, 200 մետրի վրա՝ բնակելի շենքերում կոտրվել են ապակիները, իսկ պայթյունի էպիկենտրոնում գտնվող սրճարանը գրեթե ամբողջությամբ փլուզվել է, մնացել են միայն աղյուսե պատերը։ Երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի զոհվել», - հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

«Ինտերֆաքսի» հետ զրույցում քննությունը իրականացնող մարմնի ներկայացուցիչն ասել է, թե քննությունը հավանական է համարում Կովկասում գործող գրոհայինների կողմից կազմակերպված ահաբեկչության վարկածը։

Այսօր անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG