Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 19-ի պատարագը մնում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Հայաստանի եւ Թուրքիայի տուրիստական գործակալությունները սկսել են հատուկ այցելություններ առաջարկել Վանա լիճ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ սեպտեմբերի 19-ին կմատուցվի առաջին պատարագը 1915 թվականից ի վեր:

Թուրքական Hurriyet-ի հաղորդմամբ, հայաստանյան ընկերությունը ծրագրում է ուղեւորությունը կազմակերպել Վրաստանի տարածքով` հաշվի առնելով հայ - թուրքական սահմանի փակ լինելը: Ընդ որում, ինչպես նշել է գործակալության ներկայացուցիչը, հուլիսի դրությամբ` Հայաստանից ուղեւորությանը մասնակցելու ցանկություն է հայտնել արդեն մի քանի հարյուր մարդ:

Պատարագին նախապատրաստվում են նաեւ ստամբուլահայերը, նշում է Hurriyet-ը:

Ակնկալվում է, որ հարյուրավոր ուխտավորներ Վանա լիճ կմեկնեն սեպտեմբերի 17-ին եւ կվերադառնան 5 օր անց:

«Մեկնել ցանկացողների թիվը օր-օրի ավելանում է, մենք այս առումով խնդիրներ ունենք», - Hurriyet-ին ասել են Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները:

Թեմային այս օրերին անդրադարձել են նաեւ արեւմտյան լրատվամիջոցները:

«Տասնամյակների դադարից հետո պատարագ կատարելու թույլտվություն տալով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն եւ Սումելայի բյուզանդական վանքին` Թուրքիայի իշխանությունները փորձում են բարելավել իրենց վարկանիշը կրոնական հանդուրժողականության ոլորտում, ինչպես նաեւ խթանել զբոսաշրջությունը», - գրում է The Wall Street Journal-ը:

«Թուրքիայի երբեմնի խոշոր քրիստոնյա համայնքից այժմ փոքրաթիվ մաս է մնացել: Ու թեեւ քրիստոնյաները ազատ են հավատամքի ընտրության հարցում, այդուամենայնիվ, նրանց պատկանող բազմաթիվ սրբավայրեր վերածվել են մզկիթների, թանգարանների, կամ էլ փլուզման եզրին են հայտնվել», - փաստում է ամերիկյան հեղինակավոր պարբերականը:

The Wall Street Journal-ը նկատում է. - «Թեեւ, փորձագետների համոզմամբ, հույները, հայերը, ինչպես նաեւ նրանց կրոնական արարողությունները որեւէ սպառնալիք չեն ներկայացնում Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, այդուամենայնիվ, կորսված հայրենիքի մասին այդ երկու համայնքներից հնչող հայտարարությունները բորբոքում են թուրք ազգայնականներին»:

Թեման շարունակում է բրիտանական Financial Times-ը` մանրամասնելով. - «Սումելայում` հինավուրց բյուզանդական վանքում նախատեսված կրոնական արարողությունից առաջ հարեւան քաղաքում` Տրապիզոնում երկու թուրք է ձերբակալվել, որոնք սոցիալական ցանցերի, մասնավորապես` Facebook-ի միջոցով սպառնացել են տապալել արարողությունը: Թեեւ ձերբակալվածների անունները չեն նշվում, սակայն հաղորդվում է, որ նրանցից մեկը եղել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Տրապիզոնի մասնաճյուղի պաշտոնյաներից մեկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG