Մատչելիության հղումներ

Զատուլին. «Ռուսաստանը կտրականապես դեմ է Ղարաբաղի խնդրի ռազմական լուծմանը»


Կոնստանտին Զատուլինը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, հուլիս, 2010թ.
Կոնստանտին Զատուլինը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, հուլիս, 2010թ.
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թեեւ նշեց, որ տեղյակ չէ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության С-300 համալիրների վաճառքի մասին, սակայն ասաց, որ չի կարծում, թե «առաջիկայում տեղի կունենան նման իրադարաձություններ»:

Նրա խոսքով` «նման համալիրների մատակարարումը չի կարող աննկատ մնալ»:

«Առավել եւս, որ Ադրբեջանը, եւ դա նկատեցին բոլոր դիտորդները, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, դա տեղ է գտել նախագահներ Օբամայի, Սարկոզիի ու Մեդվեդեւի հայտարարության մեջ` խոսքը ռազմաշունչ հայտարարությունների մասին է: Սա վատ ժամանակահատված է` զբաղվելու համար սպառազինությունների մատակարարմամբ մի երկրի, որն անում է նման հայտարարություններ», - ընդգծեց Զատուլինը:

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 24 տարով երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրության նախագծում, մասնավորապես, ասված է. - «Ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»:

Կոնստանտին Զատուլինի կարծիքով, չնայած որոշակի սահմանափակումներ կան Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինությունների մատակարարման գործում, «[որովհետեւ] Ռուսաստանը միջուկային տերություն է եւ պարզ է, որ չի կարող մատակարարել միջուկային զենք, [կամ] ուրիշի տարածքում հրթիռներ տեղակայել», բայց «մյուս բոլոր հարցերում համագործակցությունը զարգանում է բավականին դրական»:

«Եվ որպես կանոն` հայ զինվորականները Ռուսաստանում, նրա ուսումնական հաստատություններում եւ այն ձեռնարկություններում, ուր զինտեխնիկա են արտադրում, ցանկալի հյուրեր են: Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը, նախ եւ առաջ, պետք է լսել հայկական կողմից, պետք է լսել հայ զինվորականների կարծիքը` նրանք կարծո՞ւմ են, որ համագործակցությունը Ռուսաստանի հետ իրենց ձեռնտու է: Այստեղ իրենց կարծիքը պետք է առաջնորդող լինի», - ընդգծեց ռուսաստանցի պատգամավորը:

Նույն արձանագրության նախագծի համաձայն` «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Հարցադրմանը, թե Հայաստանում կարծիք կա, որ նշվածը ամենեւին էլ չի նշանակում, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում պաշտոնական Մոսկվան ռազմական աջակցություն կցուցաբերի Երեւանին, Զատուլինը արձագանքեց. - «Այդ կապակցությամբ ես կարող եմ ասել, որ բաներ կան, որոնց շուրջ ենթադրություններ անելը այսօր անարդյունավետ է, որովհետեւ նման բնույթի ենթադրությունները մեզ տանում են շատ հեռու եւ իրենք են հանդիսանում տարբեր բնույթի անհանգստությունների պատճառ: Ես միայն կարող եմ ասել, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն, եւ դա Ռուսաստանի սկզբունքային մոտեցումն է, որն իր արտացոլումն է գտել բոլոր հայտարարություններում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Ռուսաստանի գործունեության ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG