Մատչելիության հղումներ

Օգոստոսի 18-ի մամուլ


Անդրադառնալով Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ ստորագրվելիք պայմանագրին` «Ազգ»-ը գրում է. - «Այդ պայմանագրային փոփոխությունները տարողունակ են ամեն տեսակետից եւ երկար ժամանակի համար վճռորոշ են լինելու ոչ միայն Հայաստանի, ոչ միայն հայ - ռուսական հարաբերությունների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Անշուշտ, ստորագրվելիք պայմանագրի վերաբերյալ կարելի է նաեւ դրական մոտեցումներ ցուցաբերել` Ադրբեջանի հետ պատերազմի հավանականության նվազում, Թուրքիայի հավակնությունների զսպում, տարածաշրջանում Հայաստանի դիրքի վերարժեւորում եւ այլն: Սակայն այնքան լուրջ են մտահոգությունները, այնքան ծանրակշիռ` հարցադրումները, եւ, ընդհակառակն, այնքան քիչ են անկեղծ ու հստակ բացատրությունները, որ օգոստոսի 19-ի գլխավոր իրադարձությունը ճակատագրական անկյունադարձ լինելու բոլոր տվյալները պահպանում է իր մեջ»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Ռուսաստանը ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմական ներկայությունն է ամրապնդում Կովկասում: Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմաբազաներ, այդ թվում ՀՕՊ ժամանակակից համակարգեր տեղակայելու, Ուկրաինայի հետ կնքած պայմանագրով եւս հինգ տասնամյակով Սեւաստոպոլում Սեւծովյան նավատորմի տեղակայումը երկարաձգելու, Կասպյան նավատորմը թարմացնելու եւ արդիականացնելու ծրագրերը պետք է դիտել այդ շարքի մեջ: Հայաստանում ռուսական ծրագրերն ավելի ընդգրկուն են` 49 տարով ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի երկարաձգում, նոր ատոմակայանի, Հայաստան - Իրան երկաթուղու, նավթամուղի, նավթավերամշակման գործարանի կառուցման ծրագրեր, որոնք վկայում են, որ երկու հարյուրամյակի պատմություն ունեցող ռուսական զավթողական քաղաքականությունը Կովկասում շարունակվում է»:

«Ժամանակ»-ն իր հերթին բխեցնում է. - «Հայաստանի իշխանության ներկայիս քաղաքականությունը տարիներ ի վեր վարվող քաղաքականության հետեւողական շարունակությունն է, ու միանգամայն բնական է, որ այդ քաղաքականության հետեւանքն էլ պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունը` ի դեմս նոր ստորագրվելիք համաձայնագրի: Եվ այս դեպքում նույնիսկ զուտ անվտանգության բաղադրիչը դառնում է լիակատար խաբկանք, եթե համարենք անգամ, որ այն կա, նշմարվում է: Բանն այն է, որ այն երկրների դեպքում, որտեղ ներքին կյանքը կառավարող համակարգը գոյություն է պահպանում արտաքին հովանավորների հաշվին, մեղմ ասած` ծիծաղելի է անվտանգության մասին որեւէ խոսակցություն, քանի որ անվտանգության առաջին եւ կարեւոր գրավականը հենց այն է, որ պետության ներքին կյանքը կառուցվում է սեփական հասարակության կարծիքի եւ կամքի վրա: Հայաստանի պարագայում դա չկա, այդպիսի իրողություն գոյություն չունի: Հակառակը, կա հասարակական կարծիքի ու կամքի ցինիկ ոտնահարում: Այդ պայմաններում, մեծ հաշվով նույնիսկ ավելորդ է բանավեճը այն մասին, թե անվտանգության ո՞ր համակարգն է Հայաստանի համար առավել հուսալի` արեւմտյա՞ն, թե՞ ռուսական»:

«Առավոտ»-ը հարց է ուղղում Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին («Բարգավաճ Հայաստան»).- «Հոկտեմբերի առաջին օրերին մեկնարկելիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում երկու խնդիր արդեն ունենք` ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցը եւ շվեդ պատգամավոր Լինդբլադի` Հայաստանի հարցով համազեկուցող դառնալը»: Զոհրաբյանը պատասխանում է. - «Նախ, Լինդբլադը սեպտեմբերին դեռ պետք է ընտրվի պատգամավոր` Շվեդիայում խորհրդարանական ընտրություններն աշնանն են: Իհարկե, Լինդբլադի քարոզարշավով Շվեդիայում ակտիվորեն զբաղված է թուրք-ադրբեջանական համայնքը, որը ամեն ջանք գործադրելու է իր լոբբիստին անցկացնելու համար: Մնում եմ այն համոզմունքին, որ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Լինդբլադին Հայաստանի հարցով համազեկուցող «նշանակելը» Չավուշօղլուի ծրագրի բաղկացուցիչներից էր: Մեկ բան հստակ է` թուրք-ադրբեջանական լոբբիստ Լինդբլադը չի կարող անաչառ լինել Հայաստանի հարցում, ուստի մեր պատվիրակությունն անպայման պիտի իր մտահոգությունները ձեւակերպի եւ հայտնի: Ինչ վերաբերում է Վեհաժողովի ֆորմատում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման Չավուշօղլուի համար փորձերին, ապա մեր դիրքորոշումը հայտնի է` Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող տեղափոխվել ԵԽԽՎ-ի ձեւաչափ, եւ դա թույլ չտալու համար պատվիրակությունն անկասկած հստակ քայլեր է ձեռնարկելու»:

«Հայոց Աշխարհ» թերթի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Ֆինանսական համակարգում դարձյալ մեծացել է զգուշավորությունը վարկային շուկայի նկատմամբ։ Չնայած տնտեսական իրավիճակի քիչ թե շատ կայունացմանը, այնուհանդերձ բանկերը խուսափում են միջոցներ տեղաբաշխել տնտեսության մեջ։ Այդ են վկայում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում բանկերի վարկային պորտֆելում կատարված փոփոխությունները։ Մինչ թվում էր, թե աստիճանաբար շուկայում վերականգնվում է մինչճգնաժամային ակտիվությունը, վարկավորման աճը կրկին դանդաղել է։ Երկրորդ եռամսյակում բանկերի վարկային պորտֆելն ավելացել է ընդամենը 10 մլրդ դրամով։ Այն դեպքում, երբ տնտեսական ակտիվությունը սովորաբար սկսվում է հենց այդ ժամանակահատվածից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG