Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի օրը Վալերի Աբրահամյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման՝ 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին ծեծի ենթարկելու համար, ինչը հանգեցրել էր վերջինիս մահվանը։

Դատարանը ապացուցված համարեց Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6 եւ 14 կետերով՝ մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։

Ըստ քրեական գործի՝ 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին մեկուկես տարի առաջ ծեծի են ենթարկել 4 երիտասարդներ՝ Վալերի Աբրահամյանը, Սամվել Սարգսյանը, Սերգեյ Մխիթարյանն ու Էդգար Նազարյանը։ Օրեր անց՝ Թադեւոսյանը հիվանդանոցում մահացել է։

Ծեծի պատճառ է հանդիսացել Հայաստանում մեծ մասսայականություն վայելող ինտերնետային «Օդնոլկասնիկի» սոցիալական ցանցում Տիգրան Թադեւոսյանի գրած հաղորդագրությունը Լիդա Եդիգարյանին։

Թադեւոսյանի մայրը՝ Ջավահիր Սերոբյանը, համարում է, որ սահմանված պատիժը մեղմ է, եւ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը։

«Իրենք պետք է խստագույն պատիժը ստանան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սերոբյանը՝ հավելելով, որ պատժաչափը խստացնելու պահանջով դիմելու է Վերաքննիչ դատարան։

Այս գործով մեղադրվող 4 երիտասարդներից մեկին՝ Սամվել Սարգսյանին, դատարանը դեռ այս տարվա ապրիլին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման։

Թադեւոսյանի մահվանը հանգեցրած միջադեպից հետո Վալերի Աբրահամյանը, Սերգեյ Մխիթարյանն ու Էդգար Նազարյանը դիմել էին փախուստի։ Այս տարվա մայիսին Աբրահամյանը ինքնակամ ներկայացել էր իրավապահներին։ Մյուս երկու երիտասարդները՝ Սերգեյ Մխիթարյանն ու Էդգար Նազարյանը հետախուզման մեջ են։

«Օդնոկլասնիկի» կայքէջի անվան հետ Հայաստանում եւս մեկ ողբերգություն է կապվում։ 2008 թվականին Երեւանի «Օդնոկլասնիկի» սրճարանում մի երիտասարդ էր սպանվել։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG