Մատչելիության հղումներ

Իշխող կուսակցությունը ողջունում է ռուսական ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի փոփոխությունները


Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը վերահաստատում է աջակցությունը Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգելուն եւ Հայաստանի անվտանգության գործում դրա դերի բարձրացմանն ուղղված պայմանագրային փոփոխություններին։

«Այդ փոփոխությունները բխում են Հայաստանի ազգային անվտանգության շահերից եւ բացառում են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը», - երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ակնկալվում է, որ օգոստոսի 19-ին պետական այցով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրություն կստորագրեն Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Փոփոխությունների համաձայն, Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը (25 տարվա փոխարեն) երկարաձգվում է մինչեւ 49 տարի` սկսած 1995 թվականից: Մեկ այլ էական փոփոխությամբ, ռուսաստանյան ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ միասին ապահովելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով այս փոփոխությունները` իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել էր, թե դրանք շահավետ են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար:

Ռազմաբազան՝ խաղաղության գրավական


«Երբ ռուսական ռազմաբազան իր գործառույթները փոխի եւ արդեն պաշտպանի ոչ միայն Հայաստանի սահմանները, այլ նաեւ պաշտպանի Հայաստանի անվտանգությունը, ապա ես գործնականում բացառում եմ ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը, կամ տարածաշրջանում պատերազմական գործողությունները», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց Շարմազանովը՝ ընդգծելով, որ ռուսական ռազմակայանը վերազինվելու է ժամանակակից ռազմական տեխնիկայով, ինչը, նրա կարծիքով, գործնականում անխոցելի կդարձնի Հայաստանի ազգային անվտանգությունը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սա խաղաղության երաշխիքներից մեկն է», - հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
XS
SM
MD
LG