Մատչելիության հղումներ

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրության նախագիծը, որի ստորագրությունը նախատեսված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում.

«ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆ N5

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, որոնք այսուհետ կկոչվեն Կողմեր,

առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի Պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 26-րդ հոդվածով,

ուշադրության առնելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հոդված 1

Պայմանագրի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3

Ռուսաստանյան ռազմակայանը իրականացնում է Կողմերի համապատասխան պայմանավորվածություններից բխող խնդիրներ:

Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Նշված նպատակներին հասնելու համար Ռուսական Կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում:

Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կիրառումը իրականացվում է Կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրի հիման վրա եւ Կողմերի օրենսդրությանը համապատասխան»:

Հոդված 2

Պայմանագրի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26

Սույն Պայմանագիրը գործում է քառասունինը տարի ժամկետով եւ ավտոմատ կերպով երկարացվում է հետագա հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից որեւէ մեկը սույն Պայմանագրի հերթական ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Պայմանագրի դրույթները կարող են վերանայվել Կողմերից մեկի նախաձեռնությամբ եւ փոխադարձ համաձայնությամբ»:

Հոդված 3

Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման եւ ուժի մեջ է մտնում դրա վավերագրերի փոխանակման օրվանից»:

Արձանագրության նախագիծը պաշտոնական շրջանառության մեջ է դրված Ռուսաստանում. պաշտպանության նախարարությունը այն ներկայացրել է կառավարությանը, որը հուլիսի 26-ի որոշմամբ երկրի նախագահին առաջարկել է ստորագրել փաստաթուղթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG