Մատչելիության հղումներ

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի պնդմամբ` ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի սպասվում է խաղողի առատ ու որակյալ բերք:

«Մոտավորապես 20-30 տոկոսով ավելի, քան անցած տարի: Եվ, ի տարբերություն մյուս գյուղատնտեսական կուլտուրաների, խաղողի բերքը այս տարի բավականին որակյալ կլինի», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հավելեց Հարությունյանը:

Գինեգործների միության նախագահի խոսքով, խաղողագործությունը դեռ ճգնաժամի մեջ է, դուրս կգա միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ինչը նշանակում է հետեւյալը. - «Գինի եւ կոնյակ արտադրողները առանձնակի ոգեւորությամբ չեն մթերի դա, իրենք կվերցնեն այնքան, որքան իրենց պետք է: Ինչքան էլ որ կոնյակի գործարանը ասում է, թե ես չեմ որոշում, գինը որոշվում է կոնյակի գործարանի քաղաքականության շնորհիվ: Նա հայտարարել է 130 [դրամ]` եթե չեմ սխալվում: Իմ անձնական կարծիքն է` հիմնական զանգվածը խաղողի կմթերվի 110-130 դրամի սահմաններում, եւ մոտավորապես 30 տոկոսը խաղողի կմթերվի 90-110-ի սահմաններում»:

«Ոչ մի կիլոգրամ խաղող չի մնա, իհարկե, դաշտում», - նշեց Ավագ Հարությունյանը` հավելելով, որ խնդիրն այն է, թե երբ կվճարվի մթերված խաղողի դիմաց. - «Անցած տարվա 14-15 միլիարդ դրամից այսօր չի վճարվել մոտավորապես 200 միլիոն դրամը: Հիմնական մասը վճարվեց դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին»:

Այսօր Հայաստանում կա 16,5 հազար հեկտար խաղողի այգի, որից 90 տոկոսը գտնվում է Արարատյան դաշտավայրում:

«Այսօրվա մեր 15 հազար հեկտար խաղողի այգիներից ընդամենը 1000 հեկտարն է պիտանի գինու արտադրության համար: Մնացած 14 հազարը կոնյակի արտադրության համար է: 50 սուբյեկտ ունենք մենք շուկայում, որ գինի են արտադրում, 50 սուբյեկտի համար այդ հազար հեկտարը քիչ է», - ասաց Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանում գինին տարեցտարի ավելի շատ է սպառվում, եւ եթե այս միտումը շարունակական լինի, ապա այգիները պարզապես չեն բավականացնի ներքին սպառման համար:

Միության հաշվարկներով, այս տարի այգետերերի հետ կնքված պայմանագրերի թիվը 25 տոկոսով պակաս է, քան անցած տարի:
Մխչյան գյուղի բնակիչ Մեսրոպ Անդրեասյանի խաղողի այգին կես հեկտար է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դժվարությամբ է մթերում իր աճեցրած խաղողը: Անդրեասյանը այս տարի բերք է սպասում խաղողի երկու տեսակից:

«Ընդունելության համար շատ ենք դժվարանում: Չեն ընդունում», - բողոքեց Անդրեասյանը` ասելով, որ չի կարողացել պայմանագիր կնքել այս տարվա բերքը մթերելու համար. - «Դալար գնացել եմ, Արտաշատ գնացել եմ, Ծառուկյանի Գագիկի մոտ գնացել եմ. ոչ մի տեղ պայմանագիր չկապեցին: Ասացին` առանց պայմանագրի ենք ընդունում»:

Մեկ այլ մխչյանցի, ասաց, որ անցյալ տարի խաղողը հանձնել է գյուղի գինու գործարան` 120 դրամով, առանց պայմանագրի: Ասաց, որ տարի էլ պայմանագիր չի կնքել:

XS
SM
MD
LG