Մատչելիության հղումներ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչությունը անհնարին է գտնում Հայ ազգային կոնգրեսի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Օրերս Երեւանում տեղի ունեցած իր լիագումար նիստի արդյունքների վերաբերյալ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությունում վարչությունը տեղեկացնում է, որ «ծանոթանալով ՍԴՀԿ-ի Հայաստանի կազմակերպության 7-րդ Համագումարից հետո (16 դեկտեմբեր 2009 թվական) իրականացրած աշխատանքներին, Կենտրոնական վարչությունը միաձայն ողջունում է նրա կողմից ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի ընտրությունը»:

Կենտրոնական վարչությունը նաեւ «շեշտում է ՍԴՀԿ-ի համար կարեւորագույն հայ - թուրքական եւ Արցախի հարցի կարգավորման խնդիրներում իշխանության կողմից հարուցված գործողությունների եւ այդ գործընթացը սատարող քաղաքական ուժերի հետ առկա խորը անհամատեղելիությունը կուսակցության ծրագրի հետ»:

ՍԴՀԿ-ի կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանելով, թե ինչու կուսակցությունը որոշեց դադարեցնել համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ, ընդգծեց, որ ցանկացած կուսակցություն պետք է ինքնուրույն քաղաքականություն որդեգրի իր գաղափարախոսությունը ժողովրդին հասցնելու համար:

«Երբ մտնում ես մի միավորման մեջ, որտեղ 15, 20, 30 կուսակցություններ են, դրանցից ոչ մեկն ի վիճակի չի լինի իր գաղափարախոսությունը իր ժողովրդին հասցնել», - նշեց Շիրխանյանը:

«Հայ իրականության առաջին քաղաքական կուսակցությունը չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ: Կենտրոնական վարչությունը առավել եւս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը կուսակցության ներքին հարցերին», - ասված է Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության հաղորդագրությունում:

«Հայաստանում գործողությունները ներհնչակյան ընթացան ՀԱԿ-ի միջամտության պատճառով. սա Կենտրոնական վարչության համոզմունքն է, որը նա անընդունելի է համարում», - մանրամասնեց Վահան Շիրխանյանը:

Անցած տարի դեկտեմբերին ՍԴՀԿ-ի մի խումբ անդամներ անվստահություն հայտնեցին 2004 թվականից կուսակցության Հայաստանի կառույցի ատենապետի գործառույթներն իրականացրած Լյուդմիլա Սարգսյանին եւ նոր ատենապետ ընտրեցին Գեւորգ Պերկուպերկյանին: Իր հերթին` Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ ինքը շարունակում է ատենապետ լինել, իսկ Պերկուպերկյանն էլ հեռացվել է կուսակցությունից: Ներկայումս հարցը գտնվում է դատաքննության փուլում:

«Դադարեցնելով ՀԱԿ-ի հետ համագործակցությունը` դուք շարունակո՞ւմ եք իշխանափոխություն պահանջել», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցի Վահան Շիրխանյանը արձագանքեց. - «Իշխանությունների հրաժարական պահանջելը մեր 20 տարվա պատմությունն է, որը բերել է միայն ցնցումների, միայն արտագաղթի, միայն դժգոհությունների, դժբախտությունների: Ես համարում եմ, որ այսօր սահմանափակվել միայն իշխանափոխության պահանջով, մի նախագահին մյուսով փոխարինել` չի կարելի, դա երկիրը ճգնաժամից չի հանի: Ես ասում եմ` պետք է փոխվի համակարգը»:

ՀԱԿ-ին անդամակացող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՍԴՀԿ-ի Կենտրոնական վարչության հայտարարության մեջ ներկայացվածը ընդամենը պատրվակ համարեց Հնչակյան կուսակցությանը ՀԱԿ-ից դուրս բերելու համար:

«Իշխանությունները խնդիր էին դրել Հայ ազգային կոնգրեսը պառակտելու եւ ստեղծելու գրպանային ընդդիմություն, եւ մեզ ՀԱԿ-ից հանելով պառակտման գործընթաց էին ուզում տանել ՀԱԿ-ին», - հայտարարեց Սարգսյանը։

Իր հերթին, Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքները՝ ՍԴՀԿ-ի ներքին հարցերին «պառակտողական միջամտության» վերաբերյալ հիմնավոր չեն։

«Հայ ազգային կոնգրեսը Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ղեկավար ճանաչում է Լյուդմիլա Սարգսյանին», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ համագործակցությունը Հայաստանում գործող Հնչակյան կուսակցության հետ սկիզբ է առել 2007 թվականին եւ այժմ էլ շարունակվում է, իսկ ՍԴՀԿ-ն հանդիսանում է Հայ ազգային կոնգրեսի առանցքային անդամներից մեկը:

«Իսկ ինչ վերաբերում է ՍԴՀԿ-ի Սփյուռքի գործող կառույցներին, ապա ՀԱԿ-ը շարունակում է բաց մնալ եւ պատրաստ է համագործակցել ընդհանուր մոտեցումների շուրջ բոլորի հետ։ Մեզ համար Կոնգրեսին ուղղված մեղադրանքները հասկանալի եւ հիմնավոր չեն, այդ իսկ պատճառով ես հարկ չեմ համարում անդրադառնալ դրանց», - ընդգծեց Մուսինյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG