Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը պետք է մեկ նախագահ ունենա»


Դմիտրի Մեդվեդեւը ընդունում է Ռամզան Կադիրովին, արխիվային լուսանկար

Դմիտրի Մեդվեդեւը ընդունում է Ռամզան Կադիրովին, արխիվային լուսանկար

Ռուսաստանի կազմում գտնվող հյուսիսկովկասյան հանրապետությունների ղեկավարները հրաժարվում են «նախագահ» կոչվել:

Ռուսաստանի կազմում գտնվող հյուսիսկովկասյան հանրապետությունների ղեկավարները հրաժարվում են «նախագահ» կոչվել` համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է մեկ նախագահ ունենա, եւ այդ նախագահն այժմ Դմիտրի Մեդվեդեւն է:

Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ում միացել են Ինգուշեթիայի, Դաղստանի եւ Կաբարդինո-Բալկարիայի իր պաշտոնակիցները: Նրանք համատեղ դիմում են նախապատրաստում` ուղղված Ռուսաստանի Պետդումային, որով խնդրելու են օրենսդրական դաշտ ապահովել Ռուսաստանի կազմում գտնվող հանրապետություններում նախագահի ինստիտուտը վերացնելու համար:

Հայտարարելով, թե «պետք է վերջ տալ տարածաշրջանային նախագահների շքերթին», Ռամզան Կադիրովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է, որ շաբաթավերջին արդեն դիմել է Չեչնիայի խորհրդարանին` միջնորդելով իր պաշտոնի համար այլ տերմին որոշել:

Նույնաբովանդակ միջնորդություն ուրբաթ օրը խորհրդարանին ներկայացրել է նաեւ Ինգուշեթիայի նախագահ Յունուսբեկ Եվկուրովը:

Կաբարդինո-Բալկարիայի նախագահ Արսեն Կանոկովն էլ առաջարկել է Ռուսաստանի կազմում գտնվող հանրապետությունների ղեկավարներին հենց «ղեկավար» էլ կոչել:

Փորձագետների կանխատեսմամբ` «նախագահ» տերմինը այլ տերմինով փոխարինելը որեւէ ձեւով չի սահմանափակելու այս հանրապետությունների ղեկավարների իրավունքները, լիազորություններն ու պարտականությունները:

Ներկայումս Ռուսաստանի Դաշնության կազմում 83 մարզ կա, որոնցից 21-ը հանրապետություններ են կոչվում. 16 հանրապետություններ գլխավորում են նախագահները, իսկ մյուս 5-ում ի սկզբանե կառավարման այլ ինստիտուտներ են գործում:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` Կրեմլում համոզված են, որ այս նախաձեռնությամբ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ցանկանում է օրինակ ծառայել մյուս հանրապետությունների նախագահներին: Կրեմլի պաշտոնյաները չեն բացառում, որ շատ շուտով նրանք բոլորը կհետեւեն այդ օրինակին:

«Ռուսաստանի տարածքում պետք է միայն մեկ անձ նախագահ կոչվի» թեզը առաջին անգամ բարձրաձայնել է Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը` շուրջ 6 ամիս առաջ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Ռուսաստանի օրենսդիր մարմինը հնարավոր է արդեն աշնանը քննարկման առնի այս հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG