Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը ժամանում է Բաքու


Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Ստամբուլում, 7-ը հունիսի, 2010թ.
Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Ստամբուլում, 7-ը հունիսի, 2010թ.

Երկուշաբթի օրը մեկնարկում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` նախագահին այցի ընթացքում ուղեկցելու են երկրի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, այլ պաշտոնյաներ, նաեւ` թուրք որոշ գիտնականներ:

Թուրքիայի նախագահի նստավայրից նաեւ տեղեկացրել են, որ Գյուլը Բաքվում կքննարկի ինչպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այնպես էլ` տարածաշրջանային: Լրատվամիջոցների փոխանցմամբ` խոսքը, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի կարգավորման, հայ - թուրքական եւ հայ - ադրբեջանական շփումների մասին է:

Այցի նախօրեին` անցած շաբաթավերջին, հարցազրույց տալով ադրբեջանական APA գործակալության թուրքական բյուրոյին, Աբդուլա Գյուլը ասել էր. - «Հայաստանը կարող է լավ հարաբերություններ հաստատել հարեւանների հետ, ելք ունենալ դեպի ծով, միանալ հաղորդակցության համակարգերին»: Նա հավելել էր, թե ժամանակակից աշխարհում պետք է հարգվի յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը:

Հարցազրույցում Թուրքիայի նախագահը նաեւ քննադատել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին` ասելով, թե ցանկալի կլիներ, որ նրանք զբաղվեն ղարաբաղյան խնդրի լուծմամբ, «այնինչ հիմա Մինսկի խմբի անդամների այցելությունները տարածաշրջան մարդկանց մեջ բնութագրվում են որպես «տուրիստական ուղեւորություններ»:

Թուրքիայի նախագահի այցին Ադրբեջանում մեծ կարեւորություն են տալիս ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները:

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլիի խոսքերն է մեջբերում կուսակցության պաշտոնական կայքէջը, թե «Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի տեսակետն անփոփոխ է մնում»: «Չնայած Արեւմուտքի կողմից իրականացվող ճնշումներին, Թուրքիան հայտարարել է, որ չի բացի Հայաստանի հետ փակ սահմանը, մինչեւ Հայաստանը վերջ չդնի իր քաղաքականությանն ու չվերադարձնի գրավյալ տարածքները», - ասել է Գուրբանլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG