Մատչելիության հղումներ

Գազի եւ էլեկտրաէներգիայի վճարման անդորրագրերում ավելի շատ տեղեկատվություն է արտացոլվելու


Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման կանոններում արված փոփոխությունները, որոնք «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության առաջարկով կատարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Այդ փոփոխությունների շնորհիվ գազի եւ էլեկտրաէներգիայի սպառողները իրենց վճարման անդորրագրերում ավելի շատ տեղեկատվություն կստանան, կտեսնեն ընթացիկ եւ նախորդ ամսվա սպառված էլեկտրաէներգիայի ծավալները եւ հաշվիչի ցուցմունքի արձանագրման ամսաթիվը։

«Սա հնարավորություն է տալիս սպառողին ավելի լավ հաշվարկ կատարել, հստակ պատկերացնել, մոնիտորինգ անել», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը իրենց առաջարկի էությունը պարզաբանեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը։

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը եւս մի նորամուծություն է առաջարկել, որը ընդունվել է. հոկտեմբերից սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի մասին տեղեկատվությունը ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց դեպքում հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային փոստով։
XS
SM
MD
LG