Մատչելիության հղումներ

Ռազմակայանին վերաբերող արձանագրությունը կստորագրվի Մեդվեդեւի հայաստանյան այցի ժամանակ


S-300 հրթիռները Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանում:
S-300 հրթիռները Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանում:

Դիվանագիտական աղբյուրներից ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` հաջորդ շաբաթ Հայաստան կատարելիք այցի ընթացքում:

Փոփոխությունների համաձայն, Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը (25 տարվա փոխարեն) երկարաձգվում է մինչեւ 49 տարի` սկսած 1995 թվականից:

Մեկ այլ էական փոփոխությամբ, ռուսաստանյան ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ միասին ապահովելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Ընդ որում, նշված նպատակների իրականացման համար ռուսական կողմը «աջակցելու է Հայաստանի Հանրապետությունը ժամանակակից եւ համատեղ սպառազինություններով եւ ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»:

Ռուսաստանյան ռազմակայանի ստորաբաժանումների կիրառումը իրականացվելու է կողմերի փոխհամաձայնությամբ:

Մեկնաբանելով այս փոփոխությունները` իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարեց, թե այդ փոփոխությունները շահավետ են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար:

ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զոհրաբյանը, մասնավորապես, նշեց, որ այդ փոփոխություններով Հայաստանն ամրապնդում է իր պաշտպանությունը, ինչը զսպող հանքամանք կհանդիսանա Ադրբեջանի համար, որն անընդհատ հայտարարություններ է անում պատերազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծելու վերաբերյալ:

Ռազմիկ Զոհրաբյանը վստահ է, որ Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու դեպքում ռուսաստանյան ռազմակայանը կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը. - «Բնականաբար: Եթե ղարաբաղյան հակամարտությունը նորից լարվի, պատերազմ առաջանա Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, բնականաբար, Հայաստանն անմիջական իր միջամտությունն ունի այդ խնդրում եւ եթե Հայաստանն իրավունք ունի Ռուսաստանի այդ բազան օգտագործի նաեւ նաեւ իր անվտանգությունը ապահովելու համար: Դուրս է գալիս, որ Ռուսաստանը պետք է միջամտի այդ պատերազմին` Հայաստանի կողմից»:

Ինչ վերաբերում է պայմանագիրը երկարաձգելու Ռուսաստանի շահագրգռությանը, ապա Զոհրաբյանի խոսքով, այդկերպ Ռուսաստանը մինչեւ 2044 թվականը ապահովագրում է իր ներկայությունը մեր տարածաշրջանում:

«Հայաստանի հետ երկարատեւ պայմանագիր է կնքում [Ռուսաստանը], որ մինչեւ 2044-ը գոնե Հայաստանը չձգտի մտնել ՆԱՏՕ: Եվ դա նորմալ է, եթե Ռուսաստանը ուզում է այս տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանել եւ ուժեղացնել»:

Պայմանագրի երկարաձգման մասին իր տեսակետը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրել է նաեւ ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյանը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG