Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը օգոստոսի 16-ին այցելելու է Ադրբեջան։ Այցից առաջ նա հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալության թուրքական բյուրոյին։

Բաքվում Աբդուլա Գյուլը քննարկելու է նաեւ Ղարաբաղի խնդիրը եւ հարցազրույցում ասել է, թե նախագահ դառնալուց սկսած շատ է աշխատել այդ խնդրի վրա, որովհետեւ կարծում է, որ Կովկասի ներկայիս ստատուս քվոն գոհացուցիչ չէ ո'չ Ադրբեջանի, ո'չ Թուրքիայի, ո'չ Հայաստանի համար։

«Աշխարհը փոխվում է, եւ մենք կարիք ունենք լուծելու խնդիրները։ Եթե մենք սառեցնենք խնդիրները, դրանք կարող են նորից բռնկվել», - ասել է Գյուլը` հավելելով, թե «իշխանությունները պարտավոր են լուծել խնդիրը»։

«Կան ՄԱԿ-ի բանաձեւերը, Մինսկի խումբն է լուրջ ջանքեր գործադրում, բայց, դժբախտաբար, 18 տարվա ընթացքում կոնկրետ արդյունքներ չկան։ Եթե օկուպացիայից 18-20 տարի է անցել` դա լավ բան չէ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Գյուլի խոսքերով` ժամանակակից համաշխարհային համակարգում յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։

«Հայաստանը կարող է լավ հարաբերություններ հաստատել հարեւանների հետ, ելք ունենալ դեպի ծով, միանալ հաղորդակցության համակարգերին», - ասել է Թուրքիայի նախագահը։

Նա քննադատել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջորդական առաքելությունը` ասելով, թե «տարածաշրջանի խնդիրների արդարացի լուծումը գոհացուցիչ կլինի բոլորի համար, ցանկալի կլիներ, որ Մինսկի խումբը ավելի զբաղվի խնդրի լուծմամբ, բայց հիմա Մինսկի խմբի այցելությունները տարածաշրջան մարդկանց մեջ բնութագրվում են որպես «տուրիստական ուղեւորություններ»։

Գյուլն ասել է, թե նոր ճեղքման կարիք կա։ Նա նշել է, որ 2008 թվականին նոր նախաձեռնություն սկսվեց հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, եւ հայտնել է, որ գործընթացի մանրամասների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղեկացվում էր։ Գյուլի խոսքերով, Ռուսաստանի վարչապետն ու նախագահը` Պուտինը եւ Մեդվեդեւը եւս մասնակցում էին այդ գործընթացին։

«Այս խնդիրը լուծելու համար Ռուսաստանը կարեւոր երկիր է, այդ իսկ պատճառով մենք մանրամասն խորհրդակցություններ ենք անցկացրել այդ խնդիրների շուրջ», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ըստ նրա` նման դժվարին խնդիրը չի կարող լուծվել մեկ երկրի կողմից. - «Այդպիսի խնդիրները կարող են լուծվել հետաքրքրություններ ունեցող երկրների եւ տարածաշրջանային երկրների լուրջ ջանքերով»։

Նա ասել է, որ հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացում ճեղքում արձանագրվեց, «դա կարեւոր հարց էր, բայց չկարողացանք երկար ճանապարհ անցնել` սխալ ըմբռնումներ տեղի ունեցան Ադրբեջանում, Հայաստանում ու նաեւ Թուրքիայում»։

«Ես դիմում եմ բոլոր առաջնորդներին` մենք ձեռքներս ծալած չենք նստի, անընդհատ կաշխատենք խնդիրը լուծելու համար, հեշտ չէ հասնել խնդրի լուծմանը եւ խաղաղությանը։ Մենք պետք է համառորեն աշխատենք», - հայտարարել է Աբդուլա Գյուլը:

Անդրադառնալով Ռուսաստան - Հայաստան ռազմական համագործակցության հարցին` նա ասել է, թե չի կարծում, որ դա կկանխի խնդրի լուծումը. - «Ես գիտեմ, որ Մեդվեդեւը, Պուտինը, Ալիեւը եւ Սարգսյանը ցանկանում են, որ խնդիրը լուծվի»։

Գյուլը նշել է, որ խնդրի լուծմանը կարող են հասնել դիվանագիտության եւ քննարկումների միջոցով։ Նա ասել է, որ հետեւողական աշխատելու եւ «լուռ դիվանագիտության» կարիք ունեն։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե հիմա ոչ հրապարակային, բայց արդյունավետ դիվանագիտության շրջանում են, եւ «գերազանց գործընթացների» հույս է հայտնել։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG