Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը այս տարի ցորենի պակաս չի ունենա»


Հացահատիկի տերմինալ Բաքվում
Հացահատիկի տերմինալ Բաքվում
Ադրբեջանը այս տարի ցորենի պակաս չի ունենա, «Թուրան» գործակալության հետ զրույցում խոստացել է երկրի գյուղատնտեսության նախարարության պարենային պահուստների բաժնի ղեկավար Սաբիր Վելիեւը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, պաշտոնյան վստահեցրել է, որ ցորենը առաջիկա վեց ամիսներին արտահանելու` Ռուսաստանի իշխանությունների վերջին արգելքը Ադրբեջանի վրա ազդեցություն չի ունենա, քանի որ ցորենի ձեռք բերման հիմնական աղբյուրը Ադրբեջանի համար Ղազախստանն է: Ադրբեջանը այս տարվա 5 ամիսներին սպառված ցորենի 85 տոկոսը ներմուծել է Ղազախստանից, 15-ը` Ռուսաստանից:

Վելիեւը չի կանխատեսել նաեւ հացի թանկացում: «Մեր հաշվարկների համաձայն` նման բան չի կարող լինել», - նշել է պաշտոնյան:

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունը նաեւ հանդես է եկել առաջարկով` ցորեն, ալյուր ներմուծողներին ավելացված արժեքի հարկից ազատելու մասին: Ինչպես նշել է Սաբիր Վելիեւը, հարցը այժմ քննարկման փուլում է, իսկ դա, կարծում է գյուղնախարարության պաշտոնյան, եւս մեկ խթան կդառնա գները զսպելու, թանկացումներից խուսափելու համար:

Հայաստանը ալյուրի թանկացման խնդրին բախվեց ցորենի արտահանումը ժամանակավորապես դադարեցնելու` Ռուսաստանի որոշումից անմիջապես հետո:

Մինչ այդ նաեւ Հայաստանի գյուղատնտեսության նախարարն էր նման ընթացք կանխատեսել: Գերասիմ Ալավերդյանը այդ հնարավորությունը պայմանավորել էր ցորենի բերքի նվազ լինելով այն երկրներում, որտեղից Հայաստանը ներմուծում է ցորենը: Իսկ Հայաստանը, նախարարի խոսքերով, ներմուծում է տարեկան սպառման ալյուրի 63 տոկոսը, սեփական ուժերով արտադրում 37-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG