Մատչելիության հղումներ

Օգոստոսի 13-ի մամուլ


«Հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող վերլուծական հոդվածով «Առավոտ» թերթում հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մինչ Մոսկվայի հետ Երեւանի «ռազմավարական» հարաբերությունը շարունակում է ծառայել որպես տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հիմնաքար, հայ-ռուսական գրկախառնումը մնում է անիրավաչափորեն միակողմանի: Ռուս-հայկական հարաբերությունների անհամաչափությունը հատկապես դրսեւորվում է իրավահավասար եւ փոխադարձ հարգալից համագործակցության հիմնարար պակասուրդի մեջ: Ի վերջո, Հայաստանի կողմից տարածաշրջանում միակ ռուսական ռազմահենակետի հյուրընկալումը սիրալիրության պարզունակ արձանագրում չէ եւ պետք է խարսխված լինի միմյանց շահերի համատեղ ճանաչման վրա: Ավելին` ռուսական ռազմահենակետը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող միակ այդպիսի հաստատությունն է, որտեղ հյուրընկալող երկիրը չի ստանում ո'չ վարձավճար, ո'չ էլ փոխհատուցում: Հայաստանն է վճարում նրա ողջ ծախսերն ու ծախքերը: Հայոց ազգային անվտանգության նման գրավադրումն անընդունելի է եւ անհապաղ սրբագրում է պահանջում: Որպեսզի նոր ժամանակաշրջանում հայ-ռուսական գործընկերությունը լինի ռազմավարական` առանց չակերտների, այն պետք է դառնա անկեղծ, իրապես փոխադարձ եւ հորիզոնական հարգանքի վրա հիմնված, չնայած երկու պետությունների չափի եւ փորձառության տարբերությանը», - գրում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելու հավանական գործարքի կապակցությամբ «Ժառանգության» առաջնորդը գրում է. - «Եթե Ռուսաստանն իսկապես ավարտին հասցնի իր C-300 հակաօդային համալիրի կամ նրա համարժեք սպառազինության` հայտարարված վաճառքը Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ եւ ռեւիզիոնիստ վարչախմբին, ապա Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա ՀԱՊԿ-ից, որի միակ անդամն է տարածաշրջանում, կամ նվազագույնը` լիարժեք շուկայական վարձավճար պահանջի ռուսական ռազմակայանների համար` ջրի, էլեկտրականության եւ համապատասխան այլ ծախսերի փոխհատուցմամբ հանդերձ»:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս տարբերակը առայժմ «միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար». - «Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա: Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Եթե հիշում եք, հոկտեմբերի 14-ին թուրքական Բուրսայում կայանալիք Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումից ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ խաղը դիտելու կգնա կա'մ բաց սահմանով, կա'մ` եթե գտնվենք սահմանի բացման նախաշեմին: Թուրքերը, սակայն, հնարավոր չհամարեցին մի քանի օրով սահմանը բացել Սերժ Սարգսյանի հայկական շարասյան համար` ստիպելով, որ Հայաստանի առաջին դեմքի անունից հանդես եկող մարդը գործի ի հեճուկս իր հրապարակային հայտարարությանը եւ Թուրքիա մեկնի փակ սահմանով: Սա ֆուտբոլային դիվանագիտության համատեքստում հերթական նվաստացումը դարձավ Հայաստանի համար: Թուրքական դիվանագիտությունը, ահա, նոր որոգայթն է մտմտում Հայաստանի համար. եթե պաշտոնական Երեւանը համաձայնի մի քանի օրով սահմանը բացելու տարբերակին, թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները Աթաթուրքի դրոշի առաջնորդությամբ կհատեն Արաքսը եւ կմտնեն Հայաստանի Հանրապետություն»:

«Ժամանակ»-ը հարցազրույց է վերցրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանից: Հարց. - «Վերջին օրերին ականատես ենք լինում բոլոր տեսակի ապրանքների գների թանկացումների: Բոլոր ապրանքները` հաց, յուղ, կաթնամթերք, ընդեղեն, մրգեր ու բանջարեղեն իրար հետեւից սկսել են թանկանալ` շուրջ 10-20 տոկոսով: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ թանկացումները, որքանո՞վ են դրանք արդարացված»: Պատասխան. - «Ես իմ դժգոհությունն եմ արտահայտում այդ թանկացումների նկատմամբ: Հատկապես, երբ քաղաքացիների եկամուտները դանդաղ են աճում կամ ընդհանրապես չեն աճում, դա սոցիալական խնդիր է առաջացնում: Կախված այդ գների աճման ուժգնությունից, ակնհայտորեն մեծանում է սոցիալական ընդվզումը, եւ չես կարող ասել, թե դրա ընթացքն ի՞նչ կլինի: Սահմանափակ եկամուտներ ունեցող մարդկանց համար շատ դժվար է ապրել: Պետք է իշխանությունների կողմից կատարվեն քայլեր, եւ այդ քայլերն արվում են: Որքան էլ տնտեսությունն անվանենք ազատական, բայց ազատական չի նշանակում անտերություն: Պետք է գործադրել տնտեսական լծակներ, որպեսզի գների նման աճ չլինի»: Հարց. - «Այդ գների բարձրացումն ինչո՞վ է պայմանավորված, դուք այստեղ կամայականությո՞ւն եք տեսնում, թե՞ ոչ»: Պատասխան. - «Որքան էլ փորձեմ թաքցնել, չեմ կարող չմտածել, որ այնուհանդերձ կամայականության էլեմենտներ գոյություն ունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG