Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողանը հրաժարական կներկայացնի խորհրդարանական ընտրություններում պարտության դեպքում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը հրաժարական կներկայացնի, եթե իր ղեկավարած «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը չհաղթի հաջորդ տարի Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ծովափնյա Ռիզե քաղաքում հանդիպելով տեղական հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին, Էրդողանն ասել է. - «Եթե իմ կուսակցությունը հայտնվի 2-րդ տեղում, ինչը չեմ կարծում, որ տեղի կունենա, ես կհրաժարվեմ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Առաջինը ինքս ինձ պատասխանատու կհամարեմ, եթե իմ կուսակցությանը դնեմ նման իրավիճակի մեջ»:

56-ամյա Ռեջեփ Էրդողանը նաեւ հայտարարել է, որ հաջորդ ընտրությունները իր համար վերջինը կլինեն, քանի որ կուսակցության ընդունած որոշմամբ արգելվում է կուսակցական ցուցակներով առաջադրվել 3 անգամից ավելի: Բայց Ռեջեփ Էրդողանը չի մասնավորեցրել՝ այդ քայլից հետո կլքի՞ «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը, թե՞ կնախընտրի մնալ կուսակցության ղեկին: Նա միայն նշել է, որ կարող է քաղաքական գործունեություն ծավալել քաղաքացիական կառույցներում, վերլուծական կենտրոններում եւ լրատվական կազմակերպություններում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը իշխանության եկավ 2002-ի ընտրությունների արդյունքում։ Այս տարի կուսակցությունը 3-րդ անգամ կմասնակցի ընտրությունների։ Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն, «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը կորցնում է իր երբեմնի հեղինակությունը, կրճատվում է նրա հիմնական մրցակցի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության միջեւ եղած ձայների տարբերությունը:

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե։ Փորձագետների կարծիքով, այդ հանրաքվեն, որը նախատեսված է մինչեւ ընտրություններն ընկած ժամանակահատվածը, այս երկու մրցակից քաղաքական ուժերի համար կդառնան առաջին փորձաքարը:

Իշխող կուսակցությունը իր այս նախաձեռնությունը ներկայացնում է ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում։ Այս փոփոխությունները ընդունման դեպքում զսպման մեխանիզմներ կստեղծեն զինվորականության, ինչպես նաեւ դատական համակարգի համար:

Ընդդիմությունը հանդես է գալիս քննադատող հայտարարություններով, պնդելով, թե այս փոփոխություններով կառավարությունն իրականում ցանկանում է ուժեղացնել իշխանության նկատմամբ իր վերահսկողությունը եւ վերացնել հակակշիռների եւ զսպումների մեխանիզմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG