Մատչելիության հղումներ

Պաշտոնական վիճակագրությունը հուլիսին գնանկում է արձանագրել


Armenia -- A grosery in Yerevan, undated
Armenia -- A grosery in Yerevan, undated

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա հուլիսին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0.8 տոկոս գնանկում:

Տարեկան կտրվածքով, սակայն, գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ աճել է 2 տոկոսային կետով` կազմելով, 7.8 տոկոս:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի խոսքով` բերվածը «խիստ իրական թվեր են»:

«Խոսքը միշտ կարող է լինել, թե ինչպիսին է այն զամբյուղը, որ դուք եք ուզում... Ձեր անձնական գնաճը կարող է իմ անձնական գնաճից տարբերվի… Այս տեսակետից գնաճը մի երեւույթ է, որը միշտ միջինացված է եւ երբեւէ չի կարող կոնկրետ մարդու փորձառությանը համապատասխանել: Մեր տրամաբանությամբ, եղած սպառողական զամբյուղի տատանումները այն արտահայտում է բավական ճշգրիտ կերպով», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:

Կենտրոնական բանկը հերթական անգամ հավաստիացնում է, որ «ներքին պահանջարկով պայմանավորված գնաճային ճնշումների բացակայության եւ տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ներքին գնաճային միջավայրը Հայաստանում շարունակում է մեղմվել», եւ տարեվերջին գնաճը կլինի «նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ»:

«Պետական բյուջեի մասին» օրենքով, հիշեցնենք, գնաճի թիրախային մակարդակ է սահմանվել 4±1.5 տոկոսը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը առավել հավանական էր համարել 6.5 տոկոս մակարդակը:

Ազգային վիճակագրական ծառայությունը հուլիսին արձանագրված գնանկումը պայմանավորում է առաջին հերթին պարենային ապրանքների որոշակի էժանացմամբ. ըստ պաշտոնական վիճակագրության, հավկիթը հուլիսին էժանացել է 11.4 տոկոսով, բանջարեղենը եւ կարտոֆիլը` 6.7 տոկոսով, մինգը` 5, շաքարավազը` 4.5 տոկոսով:

Զարմանալի է, սակայն, որ, կրկին ըստ Ազգային վիճակագրական ծառայության, որոշակիորեն նվազել են նաեւ հացամթերքի գները:

Հուլիսի վերջին, հիշեցնենք, հացը թանկացել էր 10-20 դրամով, իսկ մեկ պարկ (50 կիլոգրամ) ալյուրի գինը բարձրացել էր միջինը 20 տոկոսով, ինչը Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը բացատրեց ցորեն արտադրող երկրներում բերքի ցածր սպասումներով: Այս փոփոխությունները, ինչպես տեսնում ենք, Ազգային վիճակագրական ծառայությունը չի արձանագրել:

Անցած ամիս պաշտոնական վիճակագրությունը մի զարմանալի թիվ էր հրապարակել, թե հունիսին մրգի շուկայում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գների մոտ 9 տոկոսի նվազում է արձանագրվել:

Իսկ այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը ստիպված էր խոստովանել, որ նախորդ տարվա համեմատ գյուղմթերքի գնի զգալի աճ է արձանագրվել. - «Եթե հունիսը [անցած տարվա] հունիսի [այս տարվա]նկատմամբ ընդհանուր սպառողական գների ինդեքսը 5.8 տոկոս էր աճը, ապա հուլիսը հուլիսի նկատմամբ կազմեց 7.8 տոկոս: Այսինքն` 2 տոկոսային կետով հուլիսը հուլիսի նկատմամբ ընդհանուր գնաճ արձանագրվեց Հայաստանի Հանրապետությունում»:

Շաքարավազի ու ալյուրի շուկաները օրերս որոշել էր ուսումնասիրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հինգշաբթի օրը այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Շատ ավելի մանրամասն տեղեկատվություն ենք պահանջել, մեծածավալ տեղեկատվություն, որպեսզի կարողանանք համոզված ձեւով, փաստերով հանգամանալից ապացուցել` ուժեղացնելով մեր պնդումները: Այս պահի դրությամբ դեռեւս տեղեկատվություն չենք ստացել տնտեսվարող սուբյեկտներից»:

Նախօրեին Երեւանի խանութներում մոտ 10 տոկոսով թանկացել էր «Մուլտի Գրուպ» ընկերության կաթնամթերքը, ինչը ընկերությունում բացատրել էին մթերվող կաթի գնի աճով: Սա մտավախություն էր առաջացրել, թե կարող են բարձրանալ նաեւ այլ ընկերությունների արտադրած կաթնամթերքի գները:

Արտակ Շաբոյանը այս կապակցությամբ ասաց. - «Մեր մոնիտորինգը, ճիշտն ասած, բարձրացումներ ցույց չի տվել կաթնամթերքի արտադրատեսակների գծով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG