Մատչելիության հղումներ

Երեւանում նախկին System of a Down խմբի, ապա նաեւ մենակատար Սերժ Թանկյանի համերգը կազմակերպելը տարիներ շարունակ հրաշքի նման մի բան էր ռոքի սիրահարների, խմբի ու Թանկյանի երկրպագուների մեծ բանակի համար: Երկար սպասված համերգը վերջապես հատեց հրաշքի սահմանը` շնորհիվ հայաստանյան Deem Communications եւ ամերիկյան Fugitive Studios ընկերությունների, վերջինիս ղեկավարը նույնպես հայ է:

Թանկյանն ցավում է, որ եվրոպական շրջագայության ավարտին է կարողանում հասնել Երեւան ու այդ պատճառով երկար մնալ չի կարող: Բայց խոստանում է, որ նոր այցը շատ չի ուշանա:

Խոսելով իր երգարվեստի ու հասարակական գործունեության` մասնավորապես Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր քայլերի մասին` հավատացնում է, որ դրանք հատուկ պլանավորված գործողություններ չեն, այլ արտիստի ինքնարտահայտման ձեւ, այն, ինչ զգում է: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ համերգային շրջագայության գաղափարն էլ չի բացառում:

Սերժ Թանկյանը պրոֆեսիոնալ երաժշտություն մուտք է գործել միայն 19-20 տարեկանում` չնայած ծնողների ջանքերին, որ դեռ մանկուց էին փորձում արթնացնել նրա երաժշտական շնորհը: Իսկ ամեն ինչ կատարվել է ինքնաբուխ:

Սերժ Թանկյանը` Երեւանում
Ստեղծագործական կյանքի 2-րդ կարեւոր փուլը խումբն է` համաշխարհային ճանաչում ձեռք բերած System of a Down-ը, որ դադարեց գոյություն ունենալ 2006-ին: Սերժը պատմեց, որ իրենք շարունակում են հանդիպել, լավ ընկերներ են, սակայն դեռ վերամիավորվելու մտադրություն չունեն: Հաճախ են համատեղ համերգի հրավերներ ստանում, բայց կարծում է, որ Հայաստանում նմանատիպ համերգի գազափարը շատ ավելի հետաքրքիր է:

Երեւանում Թանկյանը կկատարի նաեւ հայերեն երգ` «Yes, it’s Genocide», որը ներառված է նրա նոր` «Imperfect Harmonies» ալբոմում եւ ստեղծվել է Ռոբերտ Ֆիսկի «Քաղաքակրթության պայտերազմ» գրքի` ցեղասպանությանը վերաբերող հատվածից ազդված:

XS
SM
MD
LG