Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Աբխազիայում C-300 է տեղադրել


C-300 համակարգը
C-300 համակարգը

Ռուսաստանը Աբխազիայի տարածքում զենիթահրթիռային C-300 տիպի համալիր է տեղադրել, Վրաստանը խստորեն քննադատում է այդ քայլը:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Զելինը հայտարարել է, թե C-300 համակարգը Աբխազիայում արդեն տեղադրված է։ Այդ համակարգը ցամաքային հակաօդային պաշտպանության ուժերի հետ համատեղ ապահովելու է Ռուսաստանի օդային տարածքի անվտանգությունը, Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմակայանը, պաշտպանելու է Աբխազիան ու Հարավային Օսիան։

Նա նշել է, որ C-300-ի ու ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության միջոցների նպատակը ոչ միայն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների պաշտպանությունն է, այլեւ պետական օդային սահմանի խախտումների կանխումը։ Զելինը հայտարարել է, որ պաշտպանվող օդային տարածքներ ներխուժած ցանկացած թռչող ապարատներ, ինչ նպատակով էլ որ կատարեն թռիչքները, կոչնչացվեն։

Պաշտոնական Թբիլիսին իսկույն արձագանքեց` հայտարարելով, որ Աբխազիայում C-300 համակարգ տեղադրելու քայլով Ռուսաստանը խախտում է տարածաշրջանի հավասարակաշռությունը, եւ որ այդ քայլը օկուպացիայի եւս մեկ անթաքույց դրսեւորում է։

Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին ասել է, թե C-300-ի գործողության հեռահարությունը բավականին մեծ է, ինչը ստիպում է վրացական կողմին մտածել, որ այդ քայլն արվել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխելու նպատակով։

«Դա եւս մեկ անգամ ընդգծում է, որ ռուսներին չի հետաքրքում ո'չ աբխազների, ո'չ օսերի ճակատագիրը, նրանց տարածքներ են պետք զինված ուժեր տեղակայելու համար, եւ այս գործողություններից առաջին հերթին պետք է որ անհանգստանա ՆԱՏՕ-ն», - ասել է Յակոբաշվիլին։

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Էկա Տկեշելաշվիլին հայտարարել է, թե նման քայլը եւս մեկ ապացույց է, որ տարածաշրջանում Ռուսաստանը հանդիսանում է միանշանակ ու ակնհայտ օկուպանտ։

«Ռուսաստանը իր վարքով դա չի թաքցնում: Նա ոչ միայն չի հանում իր ռազմական ստորաբաժանումները Վրաստանից, այլեւ ավելի է ուժեղացնում իր ռազմական վերահսկողությունը այդ շրջաններում», - հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG