Մատչելիության հղումներ

Ալիեւի դուստրը 23 ընկերությունների հոլդինգ է տնօրինում


Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանը
Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանը
Ադրբեջանի միջազգային օդանավակայանում եւ ավիացիոն ոլորտում ծառայություններ մատուցող 23 ընկերություններից կազմված Silk way Holding-ը` տասնյակ միլիոն եվրո կապիտալով եւ 3 հազար աշխատակիցներով, տնօրինում է նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը` 21-ամյա Արզու Ալիեւան։ Համենայնդեպս, այդ է փաստում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության անցկացրած հետաքննությունը։

Ի սկզբանե, թե' նախագահական աշխատակազմը, թե' Silk way Holding-ի տնօրինությունը հերքել են Ալիեւի դստեր կապը ընկերության հետ, սակայն «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները համեմատել են հոլդինգում ընդգկված Silk way Bank-ի հիմնադիրների ֆիզիկական հասցեները Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի էջում ընդգրկված տվյալների հետ եւ փաստել, որ նախագահի աղջկա հասցեն համընկնում է բանկի հիմնադիր Արզու Ալիեւայի բնակավայրի հետ։

Հետաքննության համաձայն, Ալիեւայից բացի, ավիացիոն ոլորտում ծառայություններ մատուցող եւ գերիշխող դիրք զբաղեցնող այս հոլդինգի հիմնադիրներից է նաեւ Ադրբեջանի ազգային ավիափոխադրողի` Azal-ի նախագահ Ջահանգիր Ասկերովի կինը` Զարիֆա Համզաեւան։ Հենց այս երկու կանանց պատկանող հոլդինգն է սնունդ մատուցում Ադրբեջանական ավիաուղիների ուղեւորներին, իրականացնում պետական ինքնաթիռների ու ուղղաթիռների տեխնիկական սպասարկումը, վաճառում տոմսերը, տնօրինում Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում տեղակայված վեց Duty Free խանութներն ու տաքսի ծառայություններ մատուցող միակ արտոնագրված ընկերությունը։

Այս փաստերի հրապարակումից հետո Իլհամ Ալիեւի խոսնակ Ազեր Գասիմովը հաստատել է նախագահի դստեր կապը խոշորագույն Silk way Holding –ի հետ` ընդգծելով, որ օրենսդրորեն Ադրբեջանի ցանկացած չափահաս քաղաքացի իրավասու է զբաղվել իր նախընտրած տնտեսական գործունեությամբ։

Լրագողական հետաքննությունը, սակայն, պնդում է, որ այդ գործունեությունն ուղեկցվել եւ ուղեկցվում է մի շարք օրինախախտումներով եւ կոռուպցիոն տարրերով։ Այսպես, հոլդինգի կազմում ընդգրկված Silk way Bank-ը, կանոնադրության համաձայն, հանդիսանում է 32 միլիոն մանաթ` շուրջ 38 միլիոն դոլար կապիտալով պետական բանկերից մեկի` Azal Bank-ի իրավահաջորդը։

«Պետական այդ բանկի սեփականաշնորհման համար, սակայն, որեւէ մրցույթ չի հայտարարվել», - փաստում են փորձագետները եւ ընդգծում. - «Հայտնի չէ նաեւ` հոլդինգի սեփականատեր կանայք որքա՞ն գումար են վճարել պետական բյուջեին դրա դիմաց եւ վճարե՞լ են արդյոք ընդհանրապես»։

«Իշխանությունները պետք է մրցույթ հայտարարեին, ներկայացնեին առաջադրված պահանջները, պայմանները, սակայն որոշել են առանց այս ամենի պետական բանկը հանձնել մասնավոր անձանց տնօրինմանը։ Որպես կանոն, կառավարությունը այսօրինակ գործարքների մասին հատուկ տեղեկատվություն է հրապարակում, այս դեպքում, սակայն, ամեն ինչ արվել է լուռ ու ծածուկ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Թուրան» գործակալության փորձագետ Անար Խանբեյլին։

«Եթե իսկապես Ալիեւի դուստրը երկու տարի առաջ օրինական ճանապարհով է ձեռք բերել Silk way Bank-ի 35 տոկոս բաժնետոմսերը եւ դրա համար վճարել պահանջվող շուրջ 14 միլիոն դոլարը, ապա հարց է առաջանում` որտե՞ղ եւ ինչպե՞ս է 21-ամյա Ալիեւան կուտակել այդ հարստությունը, եւ ինչո՞ւ այդ մասին նախագահ Ալիեւը ոչինչի չի նշել իր եւ իր հարազատների եկամուտների մասին ներկայացված հայտարարագրում», - հարցնում են վերլուծաբանները։

Ավելի վաղ` այս տարվա սկզբին էլ հեղինակավոր Washington Post-ը տեղեկություններ հրապարակեց Իլհամ Ալիեւի որդու` Հեյդար Ալիեւի կարողությունների մասին` պնդելով, թե 11-ամյա տղային են պատկանում Դուբայի ամենաշքեղ ափամերձ գոտիներից մեկում գտնվող 9 թանկարժեք ամառանոցները` 44 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG