Մատչելիության հղումներ

Հայազգի լեռնագնացը մեկ ոտքով նվաճել է Արարատի գագաթը


Ալեքսան Բայանդուրյանը` Արարատի գագաթին

Ալեքսան Բայանդուրյանը` Արարատի գագաթին

1993-ին ռազմադաշտում ոտքը կորցրած 37-ամյա Ալեքսան Բայանդուրյանը արդեն 10 տարուց ավելի է` լեռանագնացությամբ է տարված: Արագածի գագաթը նվաճելն արդեն հասարակ զբաղմունք է համարում, իսկ օգոստոսի 4-ին Արարատի գագաթ հեշտությամբ չի հասել, բայց հիմա չի էլ դժգոհում:

«Հիմնական դժվարությունը սկսվեց 4200մ բարձրությունից հետո, թեքությունն էր շատ: Մինչեւ գագաթ հասնելը գլխացավն ու ճնշումը խեղդում էին ինձ, բայց գագաթին ամեն ինչ անցավ», - պատմեց Բայանդուրյանը:

Խումբը բաղկացած է եղել 9 հոգուց, խմբի միակ կինը առողջական խնդիրների պատճառով մինչեւ վերջնակետ չի հասել:

«Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանի տվյալներով` սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից սահմանափակ կարողություններով մարդը նման բարձրություն է հաղթահարում: Միությունը տեխնիկապես է աջակցել Ալեքսանին, ֆինանսական ծախսերը հոգացել է նրա ընկերը:

5165 մետրը հաղթահարելը բավական բարդ է անգամ ֆիզիկապես առողջ մարդու համար: Ալեքսանը առողջությունից չի դժգոհում, այդուհանդերձ մեկ ոտքով մագլցել նման բարձրություն` հաշմանդամների միության նախագահը հերոսություն է համարում: Ալեքսանը միայն ափսոսում է, որ մառախուղի պատճառով Հայաստանը չի տեսել լեռան գագաթից:

2 որդիների հայր Ալեքսանը հիմա արդեն հաջորդ լեռն աչքի առջեւ ունի: Անհավանական ու անիրականանլի թվացող գաղափարի մասին լուրջ է խոսում. մտադիր է նվաճել Էվերեստի գագաթը:

XS
SM
MD
LG