Մատչելիության հղումներ

Ցուցադրվեցին Ճապոնիայի կառավարության տրամադրած հրշեջ ավտոմեքենաները


Երեւանի հրշեջ գույքի բարելավման ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության տրամադրած հրշեջ տեխնիկան չորեքշաբթի օրը հանդիսավոր պայմաններում ցուցադրվեց Հանրապետության հրապարակում:

«Իսուզու» մակնիշի բոլորովին նոր 28 հրշեջ ավտոմեքենաների ընդհանուր արժեքը 8 միլիոն դոլար է: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տվյալներով, ավտոմեքենաներից յուրաքանչյուրը հավասարազոր է խորհրդային «ԶԻԼ» մակնիշի 5 հրշեջ ավտոմեքենայի:

28 ավտոմեքենաներից 2-ը 1000 լիտր ջրատարողությամբ արագ արձագանքման հրշեջ ավտոմեքենաներ են, որոնք նախատեսված են Կոնդ, Նորագյուղ, դժվարանցանելի փողոցներ ունեցող այլ թաղամասերում, ինչպես նաեւ խցանումների ժամանակ արագ տեղ հասնելու համար:

Հայաստան են ժամանել նաեւ ճապոնացի մասնագետներ, ովքեր 135 հրշեջ-փրկարարների ուսուցանում են, թե ինչպես տիրապետել նոր տեխնիկային:

Ի դեպ, այդ ավտոմեքենաներից չորսը այս պահին Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են անտառային հրդեհների մարման աշխատանքներին:

Ռուսաստանում հայ հրշեջների աշխատանքի մասին «Ազատություն» ռադիոկայանին որոշ տեղեկություններ փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը. - «Հիմնականում նրանք Մորդովիայում են… Ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ նորմալ է աշխատանքը: Ես խոսել եմ մեր ռուս գործընկերների, նաեւ նախարարի հետ. գնահատականը գերազանց է, մեր տղաները կարողացել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»:

Նոր հրշեջ ավտոմեքենաները համալրելու են Երեւանում տեղակայված հրշեջ մասերը: Ինչ վերաբերում է մարզերին, ապա նախարարի խոսքով, Երեւանի այն հրշեջ մեքենաները, որոնց փոխարինել են ճապոնականները, տրամադրվելու են մարզերին. - «Մենք ունենք «Կամազ» տիպի 8 տոննա ջրատարողությամբ մեքենաներ, որոնք լավ վիճակում են»:

«Բայց մեր ճապոնացի գործընկերների հետ կաշխատենք շարունակել այս աշխատանքները, որ նաեւ մարզերում լինեն նոր ճապոնական մեքենաներ», - հավելեց Արմեն Երիցյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ շուտով կարող է իրականություն դառնալ Արտակարգ իրավիճակների նախարարության երազանքներից մեկը` հրշեջ ուղղաթիռ ունենալը.- «Ուղղաթիռը Ռուսաստանից պետք է մենք ստանանք` որպես օգնություն, նվեր»:

Այսօրվա միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Մանաբու Միյագավան, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հայաստանյան բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում հրշեջ ավտոմեքենաների շարժակազմը գրեթե չէր թարմացվել. միայն 2005 թվականին Ֆրանսիայից ստացվել է օգտագործված 9 հրշեջ ավտոմեքենա, 2008-2009 թվականներին Հայաստանի կառավարության հատկացրած միջոցներով ձեռք է բերվել «Կամազ» մակնիշի 5 հրշեջ ավտոմեքենա եւ «Վոլվո» մակնիշի 1 հրշեջ ավտոմեքենա էլ որպես օգնություն ստացվել է Շվեդիայից: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը մարտական հաշվարկում ունի 147 հրշեջ ավտոմեքենա, որոնցից 36-ը Երեւանում են, 111-ը` մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG