Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Ռուսական ռազմաբազաները չեն սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը»


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման եւ դրանց անվտանգության լրացուցիչ գործառույթներ վերապահելու հեռանկարը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը։

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաղդասարյանը, չհամաձայնելով այս առթիվ որոշ փորձագետների հնչեցրած մտահոգություններին, մասնավորապես, ասաց. - «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, ունի իր զինված ուժերը եւ բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր անվտանգությունը։ Բայց դաշնակիցների հետ, այնպիսի ռազմավարական գործընկերոջ հետ, ինչպիսին Ռուսաստանն է, երկկողմ համագործակցության խորացումը միայն ողջունելի է»։

Հայաստանում ռուսական բազաների տեղակայման մասին 1995 թվականին ստորագրված հայ-ռուսական պայմանագրում կատարվելիք փոփոխությունների նախագիծը ներկայումս հայ-ռուսական բանակցությունների առարկա է։

Հուլիսի վերջին «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, որ հիշյալ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվելու է՝ հասնելով 49 տարվա՝ այժմյան 25-ի փոխարեն։ Պայմանագրային փոփոխությունների նախագծում, մասնավորապես, տեղ է գտել հետեւյալ ձեւակերպումը. - «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը»:

Վերջին օրերին հայաստանյան մի շարք քաղաքագետներ եւ վերլուծաբաններ մտահոգություն են հայտնել, որ ռուսական ռազմաբազաներին Հայաստանի անվտանգության գործառույթներ վերապահելը էապես կնվազեցնի Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ Հայաստանն այդպիսով կզրկվի կարեւորագույն ռազմաքաղաքական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նման մտահոգությունները «աբսուրդ» որակեց։

«Նման բան գոյություն չունի», - հայտարարեց Արթուր Բաղդասարյանը, - «Իրական մտահոգություն կա եւ պարզ շահարկում։ Իրապես մտահոգվածներին ուզում եմ ասել, որ մտահոգվելու ոչ մի անհրաժեշտություն չկա»։
XS
SM
MD
LG