Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը»


Իլհամ Ալիեւ
Իլհամ Ալիեւ
«Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի բացման արարողությանը:

«Դրա համար բոլոր ռազմական կառույցները միավորված են միասնական հրամանատարության տակ եւ գործում են Գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններով: Անհրաժեշտ պահին բոլոր ռազմական կառույցները կգործեն որպես միասնական բռունցք եւ կվերականգնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Ադրբեջանի նախագահը իր ելույթում, որի տեքստը հրապարակված է նրա պաշտոնական կայքէջում: - «Դրա համար անհրաժեշտ են ուժեղ տնտեսություն եւ հզոր ռազմական ներուժ: Ադրբեջանը երկիր է, որն ունի թե' տնտեսական եւ թե' ռազմական հզոր ներուժ»:

«Ադրբեջանը օր-օրի ուժեղանում եւ ամրապնդվում է: Աճում են մեր ֆինանսական հնարավորությունները եւ ռազմական ծախսերը, որոնք ամենաառաջին տեղում են պետբյուջեում: Այդպես էլ պետք է լինի` չէ որ մենք ապրում ենք պատերազմի պայմաններում», - հայտարարել է Ալիեւը` հավելելով. - «Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է նրա առաջին փուլը, գործում է հրադադարի ռեժիմը: Սակայն պատերազմը շարունակվում է: Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք եւ մենք պատրաստ ենք ազատագրել մեր հողերը օկուպանտներից»:

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել` դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ռազմական հզորություն: Մենք ստեղծում ենք, մեծավ մասամբ ստեղծել ենք այդ ռազմական հզորությունը, եւ այդ գործընթացը հաջողությամբ շարունակվում է», - ասել է ադրբեջանական պետության ղեկավարը: - «Մենք մոբիլիզացրել ենք բոլոր ուժերը` Ադրբեջանի ռազմական ներուժը ծավալելու համար, կենտրոնացրել ենք բոլոր ֆինանսական ռեսուրսները, որպեսզի ազատագրենք մեր հողերը զավթիչներից: Այսօր ադրբեջանական բանակը, Ադրբեջանի ռազմական ներուժը թույլ են տալիս դա անել: Պարզապես մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով»:

«Ուժեղանում են Ադրբեջանի դիրքերը բանակցություններում: Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը բանակցություններում արդեն իրողություն է: Իսկ հակառակ կողմը զբաղվում է ժամանակ ձգձգելով եւ ուղղակի փորձում է տապալել բանակցությունները: Սակայն եթե բանակցությունները ձախողվեն, այդժամ նոր իրավիճակ կստեղծվի եւ օրակարգում կընդգրկվի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցը», - հայտարարել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG