Մատչելիության հղումներ

Ստամբուլահայ խմբագիրները համաձայն չեն սեպտեմբերի 19-ի պատարագը բոյկոտելու կոչերին


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոբեր Հատտեճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այնքան էլ համաձայն չէ Հայաստանից հնչող այն կոչերին, թե հայերը պետք է բոյկոտեն եւ չմասնակցեն սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին:

Նշելով, որ հարգանքով է վերաբերվում հնչող բոլոր կարծիքներին, Հատտեճյանը միաժամանակ ընդգծեց, որ «Թուրքիայում ապրող հայերը, բնականաբար, այդպես չպետք է մտածեն»: «Ընդդիմանալու փոխարեն պետք է փորձել առավելագույնս օգուտ քաղել Թուրքիայի իշխանությունների այս նախաձեռնությունից», - կարծում է խմբագրապետը:

«Ես էլ նույնքան հիմնավոր պայմաններով կարող եմ ասել, որ ազգային գիտակցություն ունեցող որեւէ հայ անհատ պետք է գնա եւ այնտեղ բարձրաձայն աղաղակի, որ` «ահա, մենք հայ ենք, այս եկեղեցու տերն ենք եղել եւ այս եկեղեցում մենք տակավին ցանկանում ենք մեր ազգային հոգեւոր արարողությունները կատարել», - ընդգծեց Հատտեճյանը:

«Իր ամենահաջող գծերի մեջ իսկ, կամ իր ամենաանհաջող գծերի մեջ իսկ` ինձ համար Աղթամարի այս առաջին արարողությունը կարեւոր քայլ է, որ մեզ հավանաբար պիտի հրավիրի, որպեսզի թուրքական կառավարության մոտ արթնացնենք ուշադրություն տակավին մյուս այն հազարավոր լքյալ եկեղեցիների մասին, որոնք Անատոլուի մեջ կան եւ որոնք այսպես կամ այնպես պետք է փրկվեն այլեւս», - ասաց ստամբուլահայ խմբագրապետը:

Համաձայնելով, որ Թուրքիայի կառավարությունը այս քայլով ցանկանում է Արեւմուտքի դրական արձագանքին արժանանալ, նաեւ ափսոսանք հայտնելով, որ Սուրբ Խաչ եկեղեցին նորոգվել եւ վերաբացվել է որպես թանգարան, որտեղ պետք է կրոնական արարողություններ կատարվեն տարին մեկ անգամ, Հատտեճյանը, միաժամանակ, չհամաձայնեց այն կարծիքներին, թե այս միջոցառմանը մասնակցելը կնշանակի օգնություն թուրքական դիվանագիտության հաղթանակին:

«Անշուշտ, Թուրքիայի իշխանությունները ցանկանում են օգուտ քաղել այդ արարողությունից, մենք` գնալով, նրանց ծուղակի մեջ չենք ընկնում, իմ կարծիքով: Մենք էլ` գնալով, կնայենք, թե ինչ ձեւով կարող ենք դարձյալ օրակարգի բերել մեր ազգային հիշողությունը, մեր ազգային հիշողությունից մեզ մնացած մի շարք սրբությունները», - շեշտեց Ռոբեր Հատտեճյանը:

Ստամբուլում լույս տեսնող հայկական մեկ այլ` «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, իր հերթին, հասկանալի համարելով Հայաստանի իշխանական ճամբարից հնչող մտահոգությունները` հաշվի առնելով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման սառեցումը, միաժամանակ նշեց, որ պետք է չանտեսել միջոցառման պատմական եւ հոգեւոր կողմերը:

«Հարցը միայն քաղաքականը չէ` նաեւ մշակութային, պատմական եւ կրոնական երեսակները կան հարցի: Նրանք էլ, իրենց հերթին, գուցե երկարաժամկետ կարող են նպաստել նաեւ, ասենք, քաղաքական ինչ-որ դրական կամ հուսադրիչ մթնոլորտի ձեւավորմանը», - ասաց Գոչունյանը:

«Թուրքիայի հայերը` լինելով Թուրքիայի հանրապետության քաղաքացիներ, այս փուլում, օրինակ, որոշ ձեռքբերում են նկատում եկեղեցու գմբեթի վրա խաչի տեղադրվելը, թեկուզ տարին մեկ անգամ` այս առաջին հանգրվանին, արարողության համար թույլտվության տրվելը, որոնք, բնականաբար, ես էլ եմ ընդունում, որ անբավարար են, որովհետեւ հայ աշխարհի ցանկությունը, սպասումը այն է, որ եկեղեցին մի անգամ ընդմիշտ վերադարձվի հայ համայնքին` Պոլսո Պատրիարքական աթոռի հոգեւոր իշխանության սահմաններին մաս կազմի», - նշեց «Ժամանակ»-ի խմբագիրը` հավելելով. - «Բայց որպես փոքրամասնական հավաքականություն` մենք այդքան մաքսիմալիստ չենք վերաբերվում եւ փորձում ենք տեսնել նաեւ բաժակի ոչ միայն դատարկ մասը, այլ նաեւ լեցուն մասը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG